Բացել լրահոսը Փակել լրահոսը
pjimage-46-1
A A
Հասարակություն

6 միլիոն դոլար պետբյուջեից՝ Ջենիֆեր Լոպեսի համերգին, 37 հազար դոլար՝ նրա երկօրյա սննդին, 185 հազար դոլար՝ հյուրանոցներին․ Ազատություն

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ երեկ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։ Սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ոչ մի տեղ, ոչ մի գովազդում, ոչ մի պաստառում չի նշվել, որ կառավարությունն ու «Դոպինգ սփեյս»-ն են Լոպեսի համաշխարհային շրջագայության շրջանակում կայանալիք այս համերգի հովանավորն ու կազմակերպիչը, գրում է Ազատությունը։

Ավելին, կառավարության որոշման մեջ նշված չէ, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը լինելու է օգոստոսի 3-ին, այնտեղ անորոշ ժամկետներ են նշված՝ «2025-ի ընթացքում»։

Բացի այդ, Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման նախահաշվում կան միլիոնավոր դրամների ծախսեր, որոնց հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը հարցեր են առաջացնում։


37 հազար դոլար՝ Ջենիֆեր Լոպեսի 2 օրվա սննդի, 15 հազար դոլար՝ համերգի ծրագրի պրոդյուսերի համար

Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ Լոպեսին վճարվելու է 1 միլիարդ դրամ՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար: Քանի որ հայտնի չէ՝ որքան է լինելու համերգի տևողությունը, դժվար է գնահատել՝ այս գումարն արդյոք համապատասխանում է նախկին համերգների համար վճարված հոնորարներին, թե ոչ։

Ավելի կասկածահարույց է միայն Ջենիֆեր Լոպեսի սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար: Նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ։

Ըստ կառավարության փաստաթղթերի՝ Ջենիֆեր Լոպեսը իջևանելու է «Դվին» հյուրանոցում (Seven Visions Hotels 5), որին երկու օրվա համար նախատեսվում է վճարել մոտ 4 միլիոն դրամ։ Ըստ նախահաշվի՝ Ջենիֆեր Լոպեսին, նրան սպասարկող թիմին Երևանի տարբեր հյուրանոցներում տեղավորելու վրա ծախսվելու է ավելի քան 71.5 մլն դրամ՝ դոլարով արտահայտված 185 հազար դոլար։

Համերգի գործադիր պրոդյուսերին նախատեսվում է վճարել 2.5 միլիոն դրամ աշխատավարձ։ Այս հաստիքից բացի, լինելու է նաև համերգի ծրագրի պրոդյուսեր՝ 5.8 միլիոն դրամ աշխատավարձով։ Համերգի տեխնիկական տնօրինությանը վճարվելու է 29.4 միլիոն դրամ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում