Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անշլագ»` Երեւան-Սեւան գնացքում

Հասարակություն
655bf86bb7ea83c263d74e1e73dfa438

Սևանի ափին գտնվող Շորժայի և նրա հարակից բնակավայրերի բնակիչները Երևան-Շորժա գնացքից կարող են օգտվել եւս մի քանի շաբաթ: Սեպտեմբերի կեսերից հետո գնացքը դադարեցնում է իր աշխատանքները:

Ի տարբերություն երթեւեկության մյուս միջոցների՝ գնացքը հնարավորություն է տալիս մայրաքաղաքից Շորժա հասնել 750 դրամով:

Երեւան-Շորժա գնացքի առաջին կանգառը Երևանի նորակառույց «Ալմաստ» կառամատույցն է, որը գործում է օգոստոսի 6-ից: «Ամռան ամիսներին ամեն օր կայարանից նվազագույնը 40 ուղևոր է մեկնում, իսկ շաբաթ-կիրակի օրերին այդ թիվն անցնում է 80-ը»,- «Ա1+»ին ասաց կառամատույցի հերթապահ Միքայել Պետրոսյանը:

Շաբաթ-կիրակի օրերին գնացքում ազատ տեղ հնարավոր չէ գտնել: «Գնացքից օգտվում են թե հանգստացողները իրենց ընտանիքներով կամ ընկերական խմբերով, և թե գյուղացիները, որոնք ծանր պայուսակներով տանում են մայրաքաղաքում արած առևտուրը»,- ասաց պարոն Պետրոսյանը:

Սեւան-Շորժա գնացքից օգտվողների շարքում կային նաեւ զբոսաշրջիկներ: «Այն ավելի հարմար է և էժան: Միաժամանակ շատ զարմացանք, որ այսքան մարդ կա, քանի որ մեզ ասել էին, որ մարդիկ Հայաստանում այդքան էլ հաճախ չեն օգտվում գնացքներից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ազգությամբ լեհ զբոսաշրջիկ Յանը, որն առաջին անգամ էր Սեւան այցելում:

Աննա Մանվելյանն իր երկու տղաների հետ ամեն տարի Սևան է գնում գնացքով. «Շատ հարմար է գնացքը. մինչև հասնում ենք, լճի ջուրը տաքանում է: Բայց վերադառնում ենք միկրոավտոբուսով, որ ավելի երկար մնանք Սևանում»:

Աննան իրեն համարում է գնացքից մշտական օգտվող եւ գոհունակությամբ նկատում է, որ տարիների ընթացքում գնացքը բավական բարեկարգ է դարձել. «Նախկինում պատուհանները ջարդված էին կամ ընդհանրապես չկային, իսկ հիմա տեսքն ավելի նորմալ է»:

Ի դեպ, Երեւան-Շորժա գնացքում ծխելն արգելված է: Կարելի է ծխել միայն կարճատև կանգառների ժամանակ:

Նորամուծություն է նաեւ այն, որ եթե մի քանի տարի առաջ էքստրիմի սիրահարները գերադասում էին գնացքի բաց դռներից կախված ճամփորդել, ապա այժմ դա հնարավոր չէ. դռները ավտոմատ փակվում- բացվում են միայն կանգառների դեպքում:

Ի դեպ, գնացքը աշխատում է ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից: Այդ օրը գնացքը ենթարկվում է պրոֆիլակտիկ վերանորոգման: Երևանի «Ալմաստ» կառամատույցից գնացքը շարժվում է առավոտյան ժամը 8.35 և հասնում է Շորժա 3 ժամ հետո: Շորժայից գնացքը շարժվում է ժամը 5-ին և Երևան հասնում երեկոյան ժամը 8-ին: