Սամվել Կարապետյանը Հայաստան է եկել կուսակցություն ստեղծելու համար․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սամվել Կարապետյանը եկել է Հայաստան կուսակցություն ստեղծելու համար, և կտեսնեք, որ ստեղծելու է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և մեր երկրում ռուսաստանահայ գործարարի գործունեությանը։
Կալանավորված գործարարն ինքը արդեն իսկ փաստաբանների միջոցով հայտարարություն է տարածել, թե «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական, մեկ բռունցք դառնալու ժամանակը»:
Արամ Սարգսյանը գտնում է, որ եթե Սամվել Կարապետյանը Հայաստանում կուսակցություն ստեղծի, դրան կպաշտպանեն մեր խոշոր գործարարների մեծ մասը, հոգևորականները։ Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս, կմիավորվեն այդ կուսակցության շուրջ։
Եվ այդ պլանը մշակել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, որն էլ սկսել է համակարգել Հայաստանին վերաբերող քաղաքականությունը։ «Հանրապետության» ղեկավարը համարում է, որ Ռուսաստանում հայազգի մեծահարուստները գերի են այդ երկրի իշխանությունների ձեռքում։ Նրանք են Սամվել Կարապետյանին կարգադրել Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել, և գործարարը չի կարող դա չանել, քանի որ իր ողջ կապիտալն այնտեղ է։
Կուսակցություն հիմնելու, նախկին նախագահների, բարձրաստիճան հոգևորականների և խոշոր գործարարների աջակցությունն ունենալու պարագայում 2026թ․ խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի ստեղծած ուժի ընտրվելու հնարավորությունը մեծանալու է։ «Դրա արդյունքում Հայաստանը դառնալու է ոչ թե Վրաստանի նման ինչ-որ մի բան, այլև շատ ավելի թույլ՝ Սյունիքի միջանցքի և այլ վտանգավոր հետևանքներով։ Այս ճանապարհը փակելու համար ես ջանք ու եռանդ չեմ խնայի»,- հավելում է Արամ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։