Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կալանքի որոշումը կա, գնացի ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ. Սարգսյան (տեսանյութ)

Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: 

Հիշեցնենք՝ երեկ գլխավոր դատախազը ԱԺ-ին ներկայացրեց պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, իսկ այսօր ելույթով հանդես եկավ Արթուր Սարգսյանը: 

Նրա խոսքով՝ ԼՂ երրորդ պատերազմի արդյունքներից հետո իր ողջ ներուժով մասնակցել է մեկնարկած բոլոր փողոցային շարժումներին ու ակցիաներին՝ «դրա մեջ դնելով իր սիրտն ու հոգին»: Պատգամավորն իշխանություններին մեղադրեց յուրաքանչյուր պայքարի պարտություններով առաջինը ուրախանալու համար: Այդ մասին Ազգային ժողովում իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկման շրջանակում՝ իր ելույթի ժամանակ, հայտարարեց պատգամավոր Արթուր Սարգսյանը:  

Նա հիշեցրեց՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց Կիրանցից քայլերթով Երևան շարժվելու մասին, ու ինքը այդ պայքարին անմասն չմնաց:

Սարգսյանի խոսքով՝ քանի որ արդեն ամեն ինչ նախապես որոշված է, անիմաստ է համարում իշխանություններին ուղղված խոսք ասելը: 

«Եկել եք, որոշել եք կալանավորե՞ք, կալանավորեք»,- ասաց նա՝ իշխանություններին մեղադրելով մարդկանց ճնշելու ու վախեցնելու համար: 

Նա չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը՝ նշելով, թե պաշտոնապես հայտարարում է՝ չկա ու չի եղել նման բան, և չկա որևէ ապացույց նման երևույթի մասին: 

«Ես պայքարել ու պայքարելու եմ, լավ իմացեք, դուք եղած օրվա իշխանությունն եք, ու դուք հեռանալու եք, հեռացվելու եք ու երբեք չեք մոռացվելու: Քանի ապրում եմ, պայքարելու եմ իմ հայրենիքում»,- հայտարարեց նա: