
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագիծը
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որը փոփոխություններ է նախատեսում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում։
Նախագիծը ստացել է 65 կողմ, 27 դեմ ձայն։
Փաթեթի հիմնական նպատակը էներգետիկ ոլորտում պետական միջամտության կանխարգելիչ իրավական մեխանիզմների ներդրումն է։ Նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պետք է շատ արագ ստանձնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կառավարումը։
Օրինագծերը ԱԺ-ում ներկայացրել էր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նա ընդգծել էր, որ ներկայում պետական կառույցները կարող են արձագանքել միայն արդեն արձանագրված խախտումներին, իսկ օրենքով չկան այնպիսի լիազորություններ, որոնք թույլ կտան խախտումները կանխել նախքան դրանց դրսևորվելը։
«Էներգետիկ համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ են։ Պետք է ապահովել կանխարգելիչ միջամտության արդյունավետ լծակներ՝ հանրային շահերն ու սպառողների իրավունքները պաշտպանելու համար»,-ասել էր Վարդանյանը։
Նախագծով նախատեսվում է սահմանել, որ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, հնարավոր դարձնել կանխարգելիչ միջոցների կիրառումը մինչ վարույթի հարուցումը, հստակեցնել այդ միջոցների տեսակները, կիրառման կարգը և իրավաչափության պայմանները։
Վարդանյանը նշել էր, որ նման մեխանիզմներ կիրառվում են նաև տարբեր երկրներում՝ հանրային ծառայությունների անխափանությունը և ռազմավարական ենթակառուցվածքները պաշտպանելու նպատակով։