Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանն ու Եվրամիությունը նոր փուլ են մտել հարաբերություններում․ ստորագրվել է ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության մասին փաստաթուղթ
Հունիսի 27-ին Երևանում կայացավ համատեղ մամուլի ասուլիս՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մասնակցությամբ։
Ասուլիսի առանցքային հայտարարություններից մեկն էր Հայաստանի և Եվրոպական Միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող փաստաթղթի ստորագրումը։ Արարատ Միրզոյանը նշեց, որ սա կարևոր ձեռքբերում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ճանապարհին։
«Սա Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է, որը միաժամանակ ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի պատրաստակամությունը»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Ըստ Միրզոյանի՝ դա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու երկկողմ օրակարգը և խթանելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին՝ հատկապես վերջին տարիներին ցուցաբերված ֆինանսական օժանդակության և ճգնաժամային պահերին Հայաստանի կողքին լինելու համար։ Նա նաև հատուկ նշեց Դիմակայունության և աճի պլանը՝ որպես համագործակցության օրինակ։
Իր հերթին՝ Կայա Կալասը ևս կարևորեց Հայաստանի հետ խորացող համագործակցությունը։ Նա ընդգծեց, որ ԵՄ-ի համար չափազանց կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի հնարավորինս արագ ամփոփումը։
«Միանշանակ է, որ մենք ոգևորված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Եվ, իհարկե, մենք կցանկանայինք այդ գործընթացի եզրափակումը տեսնել որքան հնարավոր է շուտ։ Աշխարհում տիրող իրավիճակով պայմանավորված՝ մենք ավելի շատ կայունության կարիք ունենք»,- նշեց Կալասը։
Նա հավելեց, որ այս հարցը բարձրացրել է նաև Բաքու կատարած այցի ընթացքում, նշելով՝ «Սա նաև բխում է մեր շահերից, երբ խոսում ենք փոխկապակցվածության մասին, քննարկում ենք տարբեր հնարավորություններ, որոնք կարող են լինել երկու երկրների համար՝ ներառյալ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համատեքստում»։
Անդրադառնալով լրագրողների հարցերին՝ Կայա Կալասը մեկնաբանեց նաև այն հարցը, թե ինչ փուլում է ԵՄ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին 20 մլն եվրո հատկացնելու գործընթացը։ Նա փաստեց, որ այդ հարցում դեռևս վերջնական որոշում չկա։
«Եվրոպական Միությունը կազմված է 27 ժողովրդավարական երկրներից, ինչը որոշումներ կայացնելու գործընթացը դարձնում է բարդ։ Երբեմն որևէ երկիր կարող է արգելափակել որոշման ընդունումը։ Այո, չենք հասել դեռ որոշման, դա այդպես է։ Բայց մենք աշխատում ենք այդ հարցին լուծում գտնելու ուղղությամբ»,- նշեց Կալասը։
Նշենք, որ Հունգարիան վետո է դրել ԵՄ կողմից Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Հայաստանին տրամադրվելիք 20 միլիոն եվրոյի հավելյալ «ոչ մահաբեր» ռազմական աջակցության փաթեթի վրա։ Այս նախաձեռնությունը ներկայացվել էր հենց Կալասի կողմից և ստացել էր ԵՄ մնացած անդամ երկրների աջակցությունը, բացառությամբ Հունգարիայի։
2023 թվականի հուլիսին Հայաստանը ԵՄ-ից արդեն ստացել էր 10 միլիոն եվրոյի «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն՝ դաշտային հոսպիտալի ստեղծման և գումարտակի մակարդակի ստորաբաժանումների համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման նպատակով։ Նոր՝ 20 միլիոն եվրոյի փաթեթը պետք է լրացներ առաջինը՝ որպես ԵՄ-ի՝ Հայաստանի հետ անվտանգության ոլորտում գործընկերության ամրապնդման քայլ։