Ու՞մ համար է հատկապես վտանգավոր շոգը
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները:
Հիմնական վտանգները.
տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը,
մեծանում է քրտնարտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմը կարողանում է պահել իրեն անհրաժեշտ ջերմային ռեժիմը, սակայն կարող է առաջանալ ջրազրկում,
մեծանում է թրոմբոզների հավանականությունը օրգանիզմում,
էլեկտրոլիտների դեֆիցիտ, որի հետևանքով կարող են առաջանալ առիթմիաներ, սրտի աշխատանքի տարբեր տեսակի խանգարումներ՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող:
Ու՞մ համար է հատկապես վտանգավոր շոգը.
Սրտային անբավարարություն ունեցողներ,
Ցածր կամ բարձր զարկերակային ճնշում ունեցողներ,
Սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ անձինք,
Սրտի ռիթմի խանգարումներ ախտորոշմամբ անձինք,
Տարեցներ, որոնց ջերմակարգավորման մեխանիզմներն ավելի թույլ են:
Խորհուրդներ
Հեղուկների ընդունում, հատկապես մաքուր ջուր։ Խուսափել ալկոհոլից և սուրճից։ Անհրաժեշտության դեպքում համաձայնեցնել հեղուկի օգտագործման քանակը բուժող բժշկի հետ:
Խուսափել բարձր ջերմաստիճանի ժամերին դուրս գալուց (ժ.11:00–17:00):
Պահպանել դեղերի ընդունման ժամանակացույցը և խորհրդակցել բժշկի հետ՝ արդյո՞ք անհրաժեշտ է հարմարեցնել դեղաչափը շոգ եղանակին։
Մնալ սառը կամ օդափոխվող տարածքներում։
Հետևել արյան ճնշմանը և սրտի զարկերին՝ անհրաժեշտության դեպքում` խորհրդակցել բժշկի հետ։
ԱՆ Խորհրդատու սրտաբանության գծով
Համլետ Հայրապետյան