Միշտ կարող եք մեզ վրա հույս դնել ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում․ Լավրով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել ուղերձով՝ շեշտադրելով ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների շարունակականությունը, տարածաշրջանային կայունության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը։
Լավրովը նշեց, որ ուրախ է կրկին գտնվել Երևանում՝ հիշեցնելով, որ այցն իրականացվում է ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին ակտիվ մասնակցության համար՝ ընդգծելով վարչապետ Փաշինյանի ներկայությունը՝ «չնայած մի շարք արևմտյան պաշտոնյաների ուղիղ սպառնալիքներին»։
Նախարարը հիշեցրեց, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի ուշադրությունը՝ ուղղված Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակին, ռազմական հուշարձանների պահպանությանը և նման նախաձեռնություններին, ինչպես «Անմահ գնդի երթն» ու «Հիշատակի այգու» ակցիան։
Խոսելով հայ-ռուսական դաշնակցային կապերի մասին՝ Լավրովը շեշտեց, որ դրանք ընդգրկում են բոլոր ոլորտները, այդ թվում՝ անվտանգությունը․
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները և պատրաստ ենք աջակցել երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը»։
Նա հիշեց նաև, որ այս տարի լրանում է Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման մասին պայմանագրի 30-ամյակը և Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման 10-ամյակը։
Տնտեսություն, ներդրումներ, հումանիտար կապեր
Լավրովը հիշեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, ներդրողը և էներգետիկ ու պարենային անվտանգության երաշխավորը։ Նա բարձր գնահատեց միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը «ուղղություն է տալիս երկկողմ համագործակցությանը»։ Խոսելով մշակութային և մարդասիրական կապերի մասին՝ նշեց, որ 2023 թվականին երկու երկրների միջև կազմակերպվել է ավելի քան 700 միջոցառում, իսկ այս տարի Ռուսաստանում սպասվում են «Հայկական մշակույթի օրեր»։
Ինտեգրացիոն հարթակներ
ՌԴ ԱԳ նախարարը խոսեց ԵԱՏՄ-ի արդյունավետության մասին, նաև ընդգծեց ԱՊՀ-ում համագործակցության և Հայաստանի՝ Շանհայյան համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) ու ԲՐԻՔՍ-ին ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը։
Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ
Լավրովը վերահաստատեց Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նշեց, որ Մոսկվան ողջունում է փաստաթղթի տեքստի համաձայնեցումը և պատրաստ է օգնել բոլոր հարցերի կարգավորմանը, ներառյալ՝
«Տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և բոլոր հումանիտար հարցերի լուծման հարցում՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը»։
3+3 ձևաչափ
Վերջում ՌԴ ԱԳ նախարարը խոսեց «3+3» համագործակցության հարթակի ներուժի մասին՝ ընդգծելով, որ մինչ օրս կայացել են երկու նախարարական հանդիպումներ Թեհրանում և Ստամբուլում, իսկ այժմ պատրաստվում է երրորդը։
ՌԴ ԱԳՆ