Երևանում ավարտվեց պատանի թենիսիստների միջազգային մրցաշարը. անորոշություն «Արարատ» ակումբի ապագայի շուրջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի «Արարատ» ակումբի կորտերում այսօր ավարտվեց Tennis Europe Juniors Tour U12 Roza Prudkova Cup միջազգային վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում էին պատանիներ ու աղջիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Հունաստանից, Թունիսից և Ղազախստանից։
Մրցաշարի կազմակերպիչ, «Արարատ» ակումբի տնօրեն Էդուարդ Սանամյանը նշում է, որ ընդամենը մեկ օրից մեկնարկելու է մինչև 12 տարեկանների հաջորդ միջազգային մրցաշարը։ Նրա խոսքով՝ երեխաների մեծ մասը կմնա մասնակցելու նաև երկրորդ փուլին, և սպասվում է նաև մասնակիցների աճ։
Սանամյանը ցավով արձանագրում է, որ հայ պատանի թենիսիստները դեռ ամբողջությամբ ինտեգրված չեն միջազգային մրցափուլերին։ Նա ընդգծում է, որ Հայաստանում նման մրցումների հաճախակի անցկացումն անչափ կարևոր է երեխաների փորձի և մրցակցային միջավայրի ձևավորման համար։
Մրցաշարի ավարտը սակայն հերթական անգամ բարձրացրեց «Արարատ» ակումբի ճակատագրի հարցը, քանի որ Երևանի քաղաքապետարանը դեռ պահպանում է կորտերը քանդելու և ակումբը տեղափոխելու մտադրությունը։
«Այս կորտերում մրցաշարեր են անցկացվել 1950-ականներից սկսած։ Այստեղ խաղացել են թենիսի լեգենդներ՝ Ալեքսանդր Մետրևելին, Շամիլ Տարպիշչևը, Ռոզա Պրուդկովան, Սերգեյ Սարգսյանի մարզիչը, ինչպես նաև պատանեկան տարիներին՝ Ստեֆանոս Ցիցիպասը, Անդրեյ Ռուբլյովը։ Այս ամենը ջնջելու փոխարեն պետք է վերակառուցել ու զարգացնել», — ասում է Սանամյանը։
Նա ընդգծում է, որ ակումբի ապագայի վերաբերյալ որևէ հստակ տեղեկատվություն չունեն, բացի քաղաքապետարանի նիստերի ընթացքում հնչած ձևակերպումներից։
«Եթե սա է գերակա շահը, պետք է հստակ բացատրվի՝ հանրությանը ինչով է այն ավելի կարևոր, քան գործող միջազգային չափանիշներին համապատասխան այս կորտերը», — եզրափակում է Սանամյանը։