Պատանի հանդիսատեսի թատրոնի կոլեկտիվը բողոքում է տնօրենի աշխատանքից ազատման դեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատանի հանդիսատեսի թատրոնի ամբողջ աշխատակազմը հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ պահանջելով վերանայել տնօրեն Էմին Թորոսյանի ազատման մասին քաղաքապետարանի որոշումը։ Կոլեկտիվը հայտարարում է, որ իրենք լիարժեք աջակցում են Թորոսյանին՝ գնահատելով նրա մասնագիտական և մարդկային որակները։
Աշխատակազմը նշում է, որ երեք օր է՝ սպասում են քաղաքապետարանի ներկայացուցիչների այցին, որպեսզի ստանան հիմնավորված բացատրություն տնօրենի ազատման վերաբերյալ։ Նրանք շեշտում են, որ չեն պատկերացնում տնօրենի հեռացման որևէ օբյեկտիվ պատճառ։
ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը հատկապես կոշտ քննադատությամբ է հանդես եկել՝ ասելով, որ Թորոսյանը տարիներ շարունակ նվիրված աշխատել է թատրոնում՝ հարստացնելով բեմը նոր լուծումներով, զգեստներով և տեխնիկական միջոցներով։ «Էմին Թորոսյանի նման մարդիկ թատրոնին պետք են, ոչ թե հեռացվելու», – ընդգծեց նա։
Աշխատակազմը նաև հայտարարեց, որ վաղվանից անժամկետ դադարեցնում են ներկայացումները, մինչև քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան հանդիպի իրենց հետ և պարզաբանի տնօրենի ազատման պատճառները։
Թատրոնի տեղեկացմամբ՝ Էմին Թորոսյանը անցած տարի գերազանց հանձնել է ատեստավորումը՝ ստանալով 100 միավորից 100-ը։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի դեկտեմբեր՝ Երևանի քաղաքապետի ստորագրությամբ։
Քաղաքապետարանի արձագանքը կարդալ այստեղ