Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են հրադադար հաստատել (տեսանյութ)

 
Հնդկաստանը և Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնության են եկել անհապաղ և ամբողջական հրադադարի շուրջ՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը նշել է, որ դա հնարավոր է դարձել գիշերը տեղի ունեցած երկար բանակցություններից հետո։
 
«Շնորհավորում եմ երկու երկրին՝ առողջ բանականությունը ընտրելու համար»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի էջում։
 
Ավելի վաղ Պակիստանի կառավարությունը հայտարարել էր Հնդկաստանի դեմ «Բանյան ուն Մարսուս»՝ «Ամուր պատ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսլամաբադից նշել էին, որ սա պատասխանն է պակիստանյան ավիաբազաների թիրախավորմանը: 
 
Հնդկաստանի իշխանությունն աղաղակող էսկալացիա էր որակել Պակիստանի գործողությունները, նախազգուշացրել՝ պատրաստ են ռազմական արձագանք տալ բոլոր հարձակումներին: Նյու Դելին հարևան երկրի ուժերին մեղադրել էր՝ սահմանի երկայնքով ԱԹՍ-ների հարձակման, սահմանի մոտ ուժեր տեղափոխելու, քաղաքացիական բնակչության կյանքը վտանգելու և կրոնական օբյեկտները թիրախավորելու համար:
 
ԶԼՄ-ների տվյալով՝ երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ:
 
Այնուհանդերձ, Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իր երկիրը ներկայումս չի դիտարկում միջուկային զինանոցն օգտագործելու հարցը։ Նա նշել է, որ Պակիստանը չի շարունակի ռազմական գործողությունները, եթե Հնդկաստանը ևս դադարեցնի դրանք։
 
Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամու և Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին:
 

Ավելի ուշ Հնդկաստանի ԱԳՆ–ն Պակիստանին մեղադրեց հրադադարի խախտման մեջ