Բացել լրահոսը Փակել լրահոսը
image17443921
A A
Մշակույթ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մեկնարկում է «Արվեստ և երազներ» կրթական ծրագիրը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Արվեստ և երազներ» կրթական ծրագրի մեկնարկը 2025թ. մայիսի 3-ին:

2025 թվականի մայիսի 3-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կմեկնարկի «Արվեստ և երազներ» կրթական ծրագիրը՝ հիմնված «Վալենտին Պոդպոմոգով․ երազներ կյանքի ու մահվան մասին» ցուցադրության վրա։

«Արվեստ և երազներ» կրթական ծրագրի նպատակն է ներկայացնել Վալենտին Պոդպոմոգովի ստեղծագործությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նրա արվեստում սյուրռեալիզմի գեղարվեստական մտածողությանը։

Թեև Պոդպոմոգովը ուղղակիորեն չի համարվում սյուրռեալիստական շարժման ներկայացուցիչ, սակայն նրա ստեղծագործություններում ակնհայտ են այնպիսի տարրեր, որոնք խորապես համընկնում են սյուրռեալիստների որոնումներին՝ իրականի և երազայինի խառնուրդ, ենթագիտակցական պատկերների ստեղծում, խորհրդավոր մթնոլորտ։

Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն սյուրռեալիզմ գեղարվեստական շարժումը և սյուրռեալիստների արվեստում երազի թեմայի անդրադարձը, կբացահայտեն տարբեր ժամանակաշրջաններում երազների թեմային անդրադարձած այլ արվեստագետների։

Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցները հնարավորություն կունենան վիզուալիզացնելու իրենց երազները՝ հիմնված անձնական հիշողությունների, զգացմունքների ու խորհրդանշական պատկերների վրա։

 

Կրթական ծրագիրը նախատեսված է 16 տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների համար։                                                                                                                                  Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։   

    ***
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Թանգարաների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) ինստիտուցիոնալ անդամ է։