Բացել լրահոսը Փակել լրահոսը
01 (1)
A A
Հասարակություն

Հայաստանի և Չինաստանի գիտակրթական կազմակերպությունները կնքեցին համագործակցության շրջանակային համաձայնագիր

Հայաստանի և Չինաստանի գիտակրթական, տեխնոլոգիական խոշոր կազմակերպությունները կնքեցին համագործակցության շրջանակային համաձայնագիր

Սույն թվականի մարտի 14-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց չինական Նանջինգի օդագնացության և տիեզերագնացության համալսարանի (NUAA), EDA տեխնոլոգիական նորարարությունների ազգային կենտրոնի և Հարավարևելյան համալսարանի (NCTIEDA&SEU) և EDA Ecosystem Development Accelerator (EDA²)-ի պատվիրակություններին։ Պաշտոնական այցի շրջանակում կնքվեց համագործակցության շրջանակային համաձայնագիր էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտում համագործակցության զարգացման նպատակով։

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը, Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, չինական կողմից՝ NUAA-ի պրոֆեսոր Բին Ցզյանը, NCTIEDA&SEU-ի դոկտոր Ժաոյանգ Չժանը, EDA² տնօրեն Յունշեն Չժենգը։ Այս համագործակցության շրջանակում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում կիրականացվեն անձնակազմի փոխանակման ծրագրեր, համատեղ հետազոտություններ, մասնագետների վերապատրաստում, փոխշահավետ այլ ծրագրեր։

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ այս միջոցառումն արժեքավոր հնարավորություն է գիտնականների միջև ավելի սերտ համագործակցությունը խթանելու և գլոբալ մարտահրավերները կանխելու համար:

Աշոտ Սաղյանը կարևորեց չինական կողմի հետ համագործակցության զարգացումը՝ նշելով, որ ՀՀ ԳԱԱ-ն Չինաստանի տարբեր գիտական կազմակերպությունների հետ ունի կնքված բազմաթիվ պայմանագրեր։ ՀՀ ԳԱԱ նախագահը շեշտեց էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում հետազոտությունների խթանման կարևորությունը, ինչը կարող է նշանակալի դեր ունենալ Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացման համար։

 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին