«Վիկտորիան» մարտական է տրամադրված
Պլզենի «Վիկտորիայի» գլխավոր մարզիչ Պավել Վրբան «Փյունիկի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ չնայած Երեւանում տարած խոշոր հաշվով հաղթանակին (4:0), թիմն ամենայն լրջությամբ է պատրաստվում խաղին:
«Շատ անգամ է պատահել, որ ուժեղ թիմը թերագնահատելով թույլ մրցակցին, չի կարողացել հաղթանակ տանել: Սակայն մենք չենք ցանկանում նման սխալ թույլ տալ: «Վիկտորիան» կաշխատի հաղթել նաեւ պատասխան խաղում, որպեսզի ՈՒԵՖԱ-ի ռեյտինգային միավորներ վաստակենք Չեխիայի համար» - ասել է մասնագետը:
Պավել Վրբան կարծում է, որ «Փյունիկը» անպայման կձգտի ռեւանշի, այդ իսկ պատճառով նա իր ֆուտբոլիստներին կոչ է արել գործել ուշադիր եւ չխախտել խաղային կարգապահությունը:
«Երեւանում խոշոր հաշվով տարած հաղթանակը, իրոք, մեծ հաջողություն է մեր համար, բայց չպետք է մոռանանք, որ դեռ պատասխան խաղ կա: Մեր մրցակիցը դժվար թե առանց պայքարելու հանձնվի, ուստի մեզ լուրջ մրցակցություն է սպասվում պատասխան խաղում»:
Չեխ մասնագետին ուրախացրել է այն փաստը, որ խաղին կարող է մասնակցել թիմի առաջատար պաշտպան Դավիդ Լիմբերսկին, որն անցած տարի որակազրկվել էր Եվրոպայի լիգայի խաղին, ինչպես նաեւ այն, որ հանդիպման բոլոր 5500 տոմսերը վաճառվել են:
Հավելենք, որ «Վիկտորիան» եվրոգավաթների շրջանակում երրորդ խաղն է անցկացնելու սեփական հարկի տակ: 1971 թվականին պլզենցի ֆուտբոլիստները պարտվել էին Մյունխենի «Բավարիային»` 0:1, իսկ անցած տարի ոչ-ոքի էին խաղացել թուրքական «Բեշիկթաշի» հետ` 1:1:
Բուքմեյքերները «Վիկտորիա» - «Փյունիկ» խաղի ֆավորիտ, ինքնին, համարում են չեխական թիմին. դաշտի տերերի հաղթանակ` 1,17 գործակից, ոչ-ոքի` 6,60, հյուրերի հաղթանակ` 19,00:
Հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 23:15-ին: