«Փյունիկը» պարտվեց «Վիկտորիային»
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում սեփական դաշտում 0:4 խոշոր հաշվով պարտվեց Չեխիայի առաջին թիմին` Պլզենի «Վիկտորիային»:
Հյուրերը արդեն առաջին խաղակեսում երեք անպատասխան գոլ խփեցին եւ հաղթելու լուրջ հայտ ներկայացրին: Հանդիպման 7-րդ եւ 40-րդ րոպեներին աչքի ընկավ Մարեկ Բակոշը, իսկ 28-ին 11 մ հարվածով «Փյունիկի» դարպասը գրավեց Պավել Հորվաթը: Երկրորդ խաղակեսի 72-րդ րոպեին Դանիել Կոլարը հաշիվը դարձրեց 4:0:
«Խաղից առաջ ես խոստացել էի, որ հարձակողական ֆուտբոլ ենք ցուցադրելու եւ ձգտելու ենք գոլ խփել: Ուրախ եմ, որ 4:0 խոշոր հաշվով հաղթեցինք, բայց ափսոսում եմ, որ ավելի շատ գոլեր չխփեցինք: Առաջին խաղակեսից գոհ եմ, իսկ երկրորդում մենք մի քանի պահեր չօգտագործեցինք», - խաղից հետո մամուլի ասուլիսին ասաց «Վիկտորիայի» գլխավոր մարզիչ Պավել Վրբան:
«Շատ հիասթափված եմ: Չնայած մեր ունեցած կադրային եւ այլ խնդիրներին, մենք չպետք է նման հաշվով պարտվեինք: Ավաղ, թիմի փորձառու խաղացողներն ավելի վատ խաղացին, քան երիտասարդները: Սա է մեր իրականությունը» - խաղից հետո հայտարարեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: