Ինչ պետք է իմանալ ապրանքների թվային դրոշմավորման մասին.ՊԵԿ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականից իրականացվում է ապրանքների թվային դրոշմավորում՝ նույնականացման միջոցներով։ Թվային դրոշմավորումը DataMatrix հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա` ներմուծող կամ արտադրող ընկերության կողմից։
Ապրանքների թվային դրոշմավորում իրականացնելու համար ներմուծող կամ արտադրող ընկերությունը պետք է գրանցվի ազգային օպերատորի (E-Mark) համակարգում, ստանա DataMatrix ծածկագիրը և այն փակցնի կամ տպագրի ապրանքի վրա՝ մինչ այդ ապրանքն օտարելը կամ վաճառելը։
Իսկ ծածկագիրն ապրանքի վերջնական սպառման ժամանակ սկանավորվում է վաճառքի կետի դրամարկղում, որից հետո համակարգին ուղարկվում է տեղեկացում՝ ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Սկանավորված ծածկագիրը նաև ՀԴՄ տվյալների հետ միասին փոխանցվում է ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։
Եթե ապրանքը դրոշմավորված չէ դրոշմապիտակով, ապա ներմուծող կամ արտադրող ընկերությունը պարտավոր է դրոշմավորել ապրանքը թվային նույնականացման միջոցով, հակառակ դեպքում՝ օրենքով սահմանված է պատասխանատվություն։ Մանրածախ վաճառքի կետում DataMatrix ծածկագիրը չսկանավորելը համարվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում։
Հսկիչ նշանով՝ նույնականացման միջոցով, պարտադիր դրոշմավորվում են փաթեթավորված խմելու ջուրը (ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0), ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ նյութերի հավելման, ալկոհոլային ապրանքները (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208) և ծխախոտային արտադրանքը (ԱՏԳ ԱԱ 2402)։ Թվային դրոշմապիտակով փորձնական ծրագրերի շրջանակում դրոշմավորվում են նաև մի շարք այլ ապրանքներ։