Հայաստանը և Թուրքիան համաձայնել են գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի տեխնիկական պահանջները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարար, ՍԾՏՀԿ գործող նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը
Որպես Գործող նախագահ՝ ջերմորեն ողջունում եմ ձեզ ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ նիստում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարությանը Լազար Կոմանեսկուի հմուտ ղեկավարությամբ՝ մեր նախագահության ընթացքում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար:
Անցած կիսամյակի ընթացքում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն» եռամիասնության ներքո, մենք գործադրել ենք հնարավոր բոլոր ջանքերը՝ ընդգծելու ՍԾՏՀԿ հիմնական կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման կարևորությունը: Շարունակական մարտահրավերների պայմաններում մենք ջանք չենք խնայել՝ խթանելու կառուցողական և ներառական երկխոսությունն ու ամրապնդելու ՍԾՏՀ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և մշակութային կապերը:
Մենք աջակցել ենք բաց քաղաքական երկխոսությանը և լավագույն փորձի փոխանակմանը՝ որպես տարածաշրջանային փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու միջոց՝ հանուն ՍԾՏՀԿ անդամ պետությունների կայուն զարգացման և նրանց բնակչության կենսապայմանների բարելավման։ Մենք պետք է արձանագրենք նաև մի շարք ձեռքբերումներ, որոնք կարևոր են այս կազմակերպության գործունեության համար.
- ՍԾՏՀԿ անդամ պետություններին հաջողվել է համաձայնության գալ կազմակերպության 2025 ֆինանսական տարվա բյուջեի շուրջ,
- բացի ՍԾՏՀԿ 2025 թվականի բյուջեից, համաձայնություն է արձանագրվել Աշխատակազմի կանոնակարգի փոփոխության շուրջ,
- Ծրագրերի զարգացման հիմնադրամի ղեկավար կոմիտեն գալիք շրջանում կուսումնասիրի նոր ծրագիր՝ ամրապնդելով ՍԾՏՀԿ ծրագրային գործունեությունը,
- ՍԾՏՀԿ Տրոյկան շարունակել է աշխատել և համակարգել ՍԾՏՀԿ ընթացիկ և ապագա աշխատանքները:
Հաշվի առնելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գործում է ՍԾՏՀԿ-ն՝ սրանք ուղենիշներ են, որոնք չպետք է անտեսվեն: ՍԾՏՀԿ հնարավոր բարեփոխումների համատեքստում անդամ պետությունները կարող են նաև քննարկել նախագահության ժամկետը վեց ամսից մինչև մեկ ամբողջական տարի երկարաձգելու հարցը:
Ներկա պայմաններում բավարար կլինի տարին մեկ անգամ հրավիրել արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ՝ ավելի գործնական և արդյունքին միտված քննարկումներով։
Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի կառավարությունը հաստատակամ է շարունակելու իր ջանքերը խաղաղության, անվտանգության, կայունության և համագործակցության ցանկալի նպատակներին հասնելու ուղղությամբ: Շարունակական և անկեղծ երկխոսությունը, առևտրային և տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնություններում և նախագծերում ներառականության ապահովումը հիմնական նախադրյալներն են գոյություն ունեցող հակասությունները հաղթահարելու և մեր երկրների միջև ավելի լավ համագործակցության, զարգացման և բարեկեցության հասնելու համար:
Առաջնորդվելով այն միանշանակ համոզմունքով, որ տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է՝ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Ղեկավարվելով ներառականության, տարածաշրջանային ենթակառուցվածքների արդար օգտագործման տեսլականով, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու ձգտումով՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունը՝ հիմնվելով պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգաման վրա, ինչպես նաև կիրառելով իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքները: Ամենայն հավանականությամբ տեղյակ եք մեր անմիջական հարևանությամբ վերջերս տեղի ունեցած քննարկումներից։
Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոծխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի: Այն կարող է արդյունավետորեն կապել Ծոցը, Սև և Կասպից ծովերը` այդպիսով զգալիորեն նպաստելով համաշխարհային տրանսպորտային շղթաներին մեր տարածաշրջանի ինտեգրմանը և հսկայական օգուտ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին: Այն արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային գործընկերների դրական արձագանքների, իսկ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու նախագծի իրականացմանն ուղղված հետագա աջակցությունը:
Հարգելի՛ գործընկերներ, Բաց սահմանները, չսահմանափակված, ազատ և ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն այս կազմակերպության առանցքային նպատակներն են: Հայաստանը հանձնառու է կառուցողական և արդյունավետ համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում և դրանից անդին խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար: Հաջողություն ենք մաղթում Ադրբեջանին՝ որպես հաջորդ նախագահող:
Շնորհակալ եմ: