Բացել լրահոսը Փակել լրահոսը
թարմ բանջարեղեն
A A
Քաղաքականություն

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչև 2026-ի վերջ կազատվեն շահութահարկի վճարումից (տեսանյութ)

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների՝ շահութահարկի վճարումից ազատման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունեց 63 կողմ, 21 ձեռնպահ ձայներով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

 «Ըստ գործող օրենսդրության՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, այսինքն՝ 2025 թվականից սկսած գյուղատնտեսության մեջ ներգրավված իրավաբանական անձինք ստիպված կլինեն շահութահարկով հարկվել: Այս նախագծով մենք առաջարկում ենք, որ այդ դրույթն ուժի մեջ մտնի նվազագույնը 2 տարի հետո, այսինքն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31»,-ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Այսպիսով, ըստ նախարարի, առաջարկում ենք բարելավող դրույթ, որ գյուղատնտեսության մեջ ներգրավված կազմակերպությունները շարունակեն չհարկվել շահութահարկով:

Ըստ նրա՝ այդ ընթացքում կդիտարկվեն տնտեսական զարգացման առաջնահերթությունները, նոր քաղաքականություն կմշակվի, միասնական կարծիք կլինի տնտեսության զարգացման տեսլականի վերաբերյալ, դրանից հետո ԱԺ-ին կներկայացվեն նոր առաջարկներ:

Այսպիսով, ըստ նախագծի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10 տոկոսը: