Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջանցիկ զարգացում ապահովելուն ուղղված օրենսդրական նախաձեռնությանը (տեսանյութ)

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի եւ հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է` նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար, գրում է ԱԺ-ից։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում` մի շարք քննարկումներից հետո այն լրամշակվել է. հաշվի են առնվել ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ` տեխնոլոգիական համայնքի տարբեր միությունների ու ընկերությունների կողմից ստացված առաջարկություններ: Մասնավորապես, «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծում Կառավարությունն առաջարկում է «աշխատանքային միգրանտներ եւ նոր աշխատողների ներգրավման համար եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական-իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտահարկի գումարի 60 տոկոսի չափով աջակցություն»: Նախարարի պարզաբանմամբ հետայսու համահարթ մոտեցում կցուցաբերվի` սահմանելով համահարթ կարգավորում բոլոր ընկերությունների համար:

Հաջորդ փոփոխությամբ տնտեսավարող սուբյեկտներին առաջարկվում է մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման եւ վերապատրաստման դեպքում եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական-իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտահարկի գումարի 50 տոկոսի չափով աջակցություն: Նախագծից առաջարկվում է հանել վերապատրաստման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործուղման ծախսերի փոխհատուցման կարգավորումները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել գործադրված ջանքերի, կարճ ժամանակահատվածում նման ծավալուն օրինագիծ մշակելու, ներկայացնելու, ինչպես նաեւ շահագրգիռ քննարկման համար: Նա խոսել է նաեւ օրենսդրական փաթեթում իր կողմից ներկայացված առաջարկությունների մասին` ընդգծելով դրանց անհրաժեշտությունն ու կարեւորությունը: «Ըստ էության, մենք պատմության նոր էջ ենք բացում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար. Կառավարությունը հանձն է առնում յուրաքանչյուր տարի շուրջ 40 մլրդ դրամ ներդնել այս ոլորտում»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: