Փառատոնը կկազմակերպի ուսանողը
Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ և մենեջմենթ մասնագիտությամբ մագիստրատուրայի ուսանողներից երկուսը առաջիկայում իրենց արտադրական պրակտիկան կանցկացնեն Ֆրանսիայում: Պրակտիկաները ունեն կոնկրետ առաքելություն: Ուսանողներից մեկը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար կուսումնասիրի ֆրանսիական տուրիզմի գրասենյակների փորձը՝ այն Հայաստանում տեղայնացնելու նպատակով: Մյուս ուսանողի պրակտիկայի արդյունքում Հայաստանում կկազմակերպվի Վալուայի հայտնի դաշնամուրի փառատոնը:
Երկամսյա այս պրակտիկաների կազմակերպումը Ֆրանսիայում հնարավոր է դարձել Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինասական աջակցության շնորհիվ:
Ինչ Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ և մենեջմենթ մասնագիտությամբ մագիստրատուրան ստեղծվել է 2010թ. ՀՀ մշակույթի նախարարի առաջարկով և ԿԳ նախարարի աջակցությամբ:
Մագիստրոսական այս ծրագիրը տևում է մեկ տարի և նպատակ ունի ֆրանսերենին տիրապետող անձանց հնարավորություն տալ ձեռք բերել՝ նոր մասնագիտություն՝ մշակութային գործունեության և տուրիզմի կառավարման ոլորտներում: Հայաստանի բուհական համակարգում նման մեկամյա մագիստրոսական ծրագիր ներդրվում է առաջին անգամ:
Տեղեկատվությունը տրամադրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը: