«Ադրբեջանցի մրցավարը կոտրեց մեր մարզիկին»
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը (15-16 տարեկաններ) Եվրոպայի առաջնության ժամանակ կրկին բախվել է մրցավարական խնդիրների հետ:
Ինչպես տեղեկացրեց «Ա1+»-ի մարզական լրագրողին թիմի գլխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, 54 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը քառորդ եզրափակիչում պարզապես դատապարտված էր անհաջողության, քանի որ ռինգի մրցավարը Ադրբեջանից էր, իսկ մրցակիցը վերջինիս հոգեհարազատ Թուրքիայից:
«Մենամարտից առաջ մեր պատվիրակ Սամվել Գասպարյանը մրցաշարի գլխավոր մրցավարին խնդրեց փոխել ռինգի մրցավարին` բացատրելով պատճառները: Ավաղ, մեր առաջարկը չընդունվեց: Արդյունքում, ադրբեջանցի մրցավարը անհարկի զգուշացումներով պարզապես կոտրեց մեր մարզիկին, իսկ ահա թուրք բռնցքամարտիկին, հակառակը, ամեն ինչ թույլ էր տալիս»,-ասաց նա:
Գնահատելով առաջնության արդյունքները, իսկ մեր թիմը Հունգարիայում նվաճեց ընդամենը երկու պարգեւ (66 կգ քաշային Գոռ Ջեւելիկյանն ու 70 կգ Նարեկ Մանասյանը նվաճեցին բրոնզե մեդալ), Ֆեդյա Ալեքսանյանը ասաց, որ թիմն ընդհանուր առմամբ նորմալ հանդես եկավ:
«Հաշվի առնելով այն փաստը, որ մեր բռնցքամարտիկների մեծ մասը առաջին անգամ էին մասնակցում նման մակարդակի մրցաշարի եւ անփորձ էին, ապա նրանց ելույթները կարելի է գնահատել բավարար: Համենայնդեպս, իմ սպասելիքները արդարացրին նրանք, որոնց հետ հույսեր էի տածում»,-ասաց նա:
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականին այս ամիս նոր փորձություն է սպասվում, քանի որ հուլիսի 22-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկելու է աշխարհի հերթական առաջնությունը:
Ինչպես նշեց Ֆեդյա Ալեքսանյանը, մեր պատանի բռնցքամարտիկների համար ավելի դժվար կլինի այդ մրցումներում, քանի որ Եվրոպայի առաջնությունից հետո նրանք դեռեւս չեն հասցրել վերականգնել ուժերը, բացի այդ քիչ ժամանակ է մնացել պատրաստության համար:
«Մենք նախատեսել ենք կարճատեւ ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում կամ Աբովյանում: Դրան կմասնակցեն 20-22 բռնցքամարտիկ: Հավաքի ավարտից հետո միայն պարզ կդառնա, թե ովքեր կմեկնեն Աստանա»,-ավելացրեց նա: