Դպրոցների և մանկապարտեզների շինարարության մեկնարկի ժամկետը կկրճատվի
Աջակցիր «Ա1+»-ինՊետական բյուջեի միջոցներով դպրոցների և մանկապարտեզների կառուցման շինարարական աշխատանքները հնարավոր կլինի մեկնարկել ավելի սեղմ ժամկետում։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-ն որոշման մեջ։
ՀՀ կառավարության 2024թ. հոկտեմբերի 31-ի 1729-Ն որոշմամբ նախ հստակեցվում է ճարտարապետաշինարարական նախագծերի փորձաքննությունների իրականացման հաջորդականությունը՝ բացառություն սահմանելով դպրոցների և մանկապարտեզների համար։ Այսպիսով՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետք է նախորդի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությանը։ Սակայն դպրոցի կամ մանկապարտեզի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորորգման ծրագրերի դեպքում հնարավորություն է ստեղծվում նշված փորձաքննություններն իրականացնել զուգահեռ և քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը տրամադրել նախքան շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը:
Քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացության հիման վրա համայնքների ղեկավարների որոշմամբ կառուցապատողին կտրամադրվի շինարարության թույլտվություն՝ պայմանով, որ այն ուժի մեջ կմտնի միայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացության տրամադրմանը հաջորդող օրվանից։
«IV ռիսկայնության աստիճանի օբյեկտների դեպքում քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունը տևում է 3 և ավելի ամիս, ինչը պայմանավորված է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման ժամկետով, իսկ շինթույլտվության տրամադրման համար սահմանված է 15-օրյա ժամկետ, սակայն գործնականում ավելի երկար է տևում։ Մինչդեռ դպրոցների և մանկապարտեզների դեպքում գործընթացները զուգահեռաբար իրականացնելով՝ ակնկալում ենք, որ կկրճատվի փաստաթղթային փաթեթների շրջանառության, ամփոփման համար ծախսվող ժամանակը։ Հետևաբար շինարարական աշխատանքները մոտ 1-2 ամիս ավելի շուտ կմեկնարկեն։ Արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու կառավարության ծրագրի ժամանակին իրագործման համար»,-նշում է Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանական վարչության խորհրդական Անդրանիկ Մուրադյանը։
Այն դեպքերում, սակայն, երբ համայնքի ղեկավարի որոշումից հետո 6 ամսվա ընթացքում չներկայացվի նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական դրական եզրակացություն, Քաղաքաշինության կոմիտեն և համայնքի ղեկավարը անվավեր կճանաչեն համապատասխանաբար՝ ճարտարապետաշինարարական նախագծի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության եզրակացությունը և շինարարության թույլտվությունը։
Քաղաքաշինության կոմիտե