A
A
Երվանդ Մանարյանի արձանը՝ Տիկնիկային թատրոնի դիմաց (լուսանկարներ) (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մանարյան ընտանիքի անդամները, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, քաղաքացիներ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Արձանի բացումն իրականացրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը: 2.8 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց:
Այդ իմաստով նաև հրաշալի միջավայր ենք ստացել․ մի փոքր այն կողմ Գեղագիտության ազգային կենտրոնն է, որտեղ երեխաները հնարավորություն ունեն զբաղվելու արվեստի տարբեր ուղղություններով, այնուհետև այս միջավայրը շարունակվում է Տիկնիկային թատրոնով և ամփոփվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանով: Այսինքն՝ այն ձևավորում է մի հրաշալի միջավայր, որտեղ մեր երեխաներն առաջին հերթին էմոցիոնալ, մտավոր, ստեղծագործական զարգացման հնարավորություն ունեն: Վստահ եմ, որ արձանի ներկայությունը միայն ամրապնդելու է այս միջավայրը և էլ ավելի մեծ թվով այցելուներ է բերելու թատրոն: Ուրախ եմ, որ Տիկնիկային թատրոնը մեր երկրորդ հաստատությունն է, որ աշխատում է ֆինանսավորման նոր մոդելով, որի շնորհիվ արդեն ունի հանդիսատեսի 25 տոկոսի աճ և վարձատրության համակարգի բարելավում: Վստահ եմ, որ սա դեռ միայն սկիզբն է, և այս նախաձեռնություններով նաև հետագա աշխատանքների զարգացում ենք ապահովելու»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհավորել բոլորին կարևոր իրադարձության կապակցությամբ:
Արձանի տեղադրումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ․ ՀՀ կառավարության որոշմամբ այս տարվա օգոստոսին 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։