Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ինչ պետք է իմանալ անձնական օգտագործման ապրանքները հայտարարագրելիս (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց իրազեկում է Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման կարգավորումների մասին։

Հայաստանի սահմանը հատելիս, եթե քաղաքացին ունի հայտարարագրման ենթակա ապրանքներ կամ վստահ չէ, որ ապրանքները ենթակա չեն հայտարարագրման, ապա անհրաժեշտ է ընտրել կարմիր ուղին, լրացնել ուղևորային մաքսային հայտարարագիրը և ներկայացնել մաքսային ծառայողին։ Իսկ կանաչ  ուղին կարելի է ընտրել և հատել սահմանը՝ ապրանքներն առանց գրավոր հայտարարագրելու, եթե ուղեկցվող ուղեբեռում չկան պարտադիր հայտարարագրման ենթակա ապրանքներ։

Պարտադիր հայտարարագրման ենթակա են անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք տեղափոխվում են չուղեկցվող ուղեբեռում կամ փոխադրողի կողմից, այն ապրանքները, որոնց նկատմամբ ենթակա են պահպանման արգելքներ ու սահմանափակումներ, կամ որոնց հետ կապված մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման և այլն։

Սահմանով տեղափոխվող դրամական գործիքները (բացառությամբ՝ ճանապարհային չեկերի), անկախ մեծությունից, ևս ենթակա են հայտարարագրման, իսկ կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը պետք է  հայտարարագրել, եթե դրանց ընդհանուր գումարը գերազանցում է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։

Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական օգտագործման ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները, որոնք սահմանը հատելու պահին Հայաստանի սահմանով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ ունեն տիրապետման օգտագործման, և (կամ) տնօրինման իրավունք։

ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման կարգավորումների մասին ուղեցույցն՝ այստեղ։