Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 20-ը հոկտեմբերի․ Սպանությունների գլխավոր վարկածը Մեղրիի փոխանակումն է Լաչինի միջանցքի հետ (տեսանյութ)

40- օրյա պաշտոնավարումից հետո Կասյա Աբգարյանը Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակի պարտականությունները հանձնում է Վահե Գաբրիելյանին: Տիկին Աբգարյանը խնդիրներ ունի նախագահի տեսակետը լրագրողներին հասցնելու հարցում: Իսկ ահա Վահե Գաբրիելյանը ունի հայ գրականության մասնագետ ծնողներ, գերազանցությամբ ավարտել է հայկական դպրոցն ու բուհը, չի խմում, չի ծխել, երբեք չի ծխելու, բայց նույնքան կտրուկ չէ կանանց հանդեպ հարաբերություններում: Միաժամանակ, ստիպված է պարզաբանել, թե ինչ գիտի Հայաստանի ներքաղաքական իրավիճակից:

1999-ի հոկտեմբերի 20-ին հայ-թուրքական բիզնես ֆորումի թուրք նախագահը վստահ է, որ մոտ ապագայում կբացվի հայ-թուրքական սահմանը : Հայ եւ թուրք գործարարները վերջերս գործարար համաժողով են անցկացրել Թուրքիայում եւ նկատել՝ հարաբերությունների մեծ դաշտ կա թեթեւ արդյունաբերության եւ էներգետիկ ոլորտում:

Նույն օրը Վազգեն Սարգսյանը խոսում է 2000 թվականի բյուջեի մասին եւ նկատում, որ մարզերին պետության տված սուբսիդիաները նվազելու են, գումարը պետք է ծախսել նպատակային : Կառավարության այս նիստում վարչապետը զայրացած էր: «Ես ձեր հետ ուրիշ լեզվով եմ խոսելու»,-նախարարներին ու մարզպետերին ասում է նա:

1999-ի հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռում իր աշխատանքներն է սկսում Ազգային Եկեղեցական ժողովը: Էջմիածինը պատրաստվում է կաթողիկոսի ընտրություններին, որն, ըստ ժամանակացույցի, պետք է տեղի ունենա հաջորդ օրը: Ժողովի պատվիրակների մեջ են Վազգեն Սարգսյանի եղբայրը, Գագիկ Ծառուկյանը, 7 մարզպետեր, Աշտարակի միլպետը: Նրանք կաթողիկոսին պետք է ընտրեն սուրբ հոգու ներշնչանքով:

2000 թվականի այս օրը կառավարությունը հաստատում է էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման ժամանակացույցը: Բացառված չէ, որ սեփականաշնորհման գործընթացը պահանջի փոփոխություններ կատարել էներգետիկայի մասին օրենքում։ Մինչեւ չհրապարակվի էներգետին բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթի հաղթողների անունը, Համաշխարհայի Բանկը Հայաստանին չի տա ՍԱԿ-4 վարկը: Բանկի տարածաշրջանային տնօրենն ասում է, որ այնուամենայնիվ Հայաստանին 1,5 միլիոն դոլար կտան գարնանացանին պատրաստվելու համար: Բանկը Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տալիս ներդրողների համար կրճատել մաքսային հարկերը, կարգավորել վիզաների հարցը եւ պակասեցնել այն գրասենյակների թիվը, որոնցով պետք է անցնի ներդրողը:

Նույն օրը Աշոտ Մանուչարյանը մի շարք ծանրագույն մեղադրանքներ է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին, որոնք վերաբերվում են հոկտեմբերի 27-ի քննությանը: Սպանության գլխավոր վարկածը Մեղրիի փոխանակումն է Լաչինի միջանցքի հետ, որին համաձայն է եղել Քոչարյանը դեմ են եղել Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը։ Շիրակցիները ստեղծում են «Շիրակ» միջազգային միությունը, որպեսզի իրենց խնդիրներն իրենք լուծեն:

2000-ի այս օրը միությունը հիմնադիր ժողով էր գումարում եւ նախագահ ընտրում ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին։ 2005-ի հոկտեմբերի 20-ին ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը մարզերում շարունակում է «ոչ»-ի քարոզարշավը: Դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը Մարտունի եւ Վարդենիս քաղաքների բնակիչներին կոչ է անում պայքարել կեղծիքների դեմ: «Պայքարելը միայն իմ գործը չէ»,-գեղարքունիքցիներին ասում է Ստեփան Դեմիրճյանը:

2009-ի հոկտեմբերի 20-ին սկսվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատը : Նա մեղադրվում է մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

2010-ի այս օրը մարտի 1-ի 10 զոհերի հարազատները հանդիպում են Եվրախորհրդի քաղաքական հարցերի գլխավոր տնօրենի հետ: Հանդիպումը տեւում է ավելի քան մեկ ժամ, հարազատները տնօրենին ակնարկում են, որ իրենց վիշտը Եվրոպային հետաքրքիր չէ։

Գրող Վահրամ Թաթիկյանը նույն օրը հացադուլ է սկսում Կոմիտասի անվան այգում կառուցվող դելֆինարիումի մոտ : Ինքը դեմ է, որ դելֆինարիումը կառուցվի, մինդեռ այն գրեթե ավարտին է հասցված: «Ոչինչ,-ասում է Թաթիկյանը,-թող ապամոնտաժեն»։