Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդով վճարում իրականացնելը

 

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդով վճարելը։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է միայն վճարման այս երկու տարբերակներից օգտվելը, ինչը հնարավորություն կտա ապահովել հասույթների շարունակական աճ, խուսափել ստվերներից և անցումը դեպի միասնական տոմսային համակարգ դյուրին  դարձնել:
«Եթե մենք ուզում ենք Երևան քաղաքում ունենալ շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ և Երևանի քաղաքապետարանը գնում է այդ ուղղությամբ, ապա խնդրում ենք ձեզ՝ աջակցել այդ գործում և սկսել օգտվել միայն կա՛մ տոմսային համակարգից, կա՛մ, նվազագույնը, միշտ ունենալ 100 դրամանոց մետաղադրամ՝ մինչ միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը»,- նշել է քաղաքապետը: 
***
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն փորձնական եղանակով իրականացնում է առցանց դիտարկման և տեսահսկման համակարգերի ներդրման միջոցառումներ, ինչը հնարավորություն կտա վերահսկողությամբ վեր հանել հնարավոր թերությունները, բացթողումները, ստանալ ուղևորահոսքի, սահմանված արագությունը գերազանցելու, կանգառից դուրս կանգառելու, ուղեգծից շեղումների և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ամբողջական տեղակատվությունը: 
***
Անդրադառնալով շինթույլտվությունների տրամադրման գործընթացին՝ քաղաքապետը նշել է, որ նկատելի են դեպքեր, երբ բրոքերական որոշ ընկերություններ քաղաքացիներին կամ կառուցապատողներին խոստանում են մոտ 90%-ով կազմակերպել շինթույլտվություն ստանալու գործընթացը և լուծել խնդիրը: Տիգրան Ավինյանը հորդորել է զերծ մնալ բրոքերական ծառայությունների այդպիսի առաջարկներից: 
«Եթե, այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանն իր ստանդարտ գործընթացով տալիս է դրական եզրակացություն՝ ստացվում է, որ այդ ընկերություններն են խնդիրը լուծել, եթե չի տալիս՝ ստացվում է, որ չկարողացան լուծել, և աշխատել է այն 10%-ի հավանականությունը: Սիրելի՛ երևացիներ, սիրելի՛ կառուցապատողներ, Երևանի քաղաքապետարանում նմանատիպ գործընթացները բավականին տարբերակված են և փաստացի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս ճարտարապետներ, որոնք իրարից բավականին անկախ են, և այդ ճարտարապետական խորհրդի կարծիքի հիման վրա են միայն  տրամադրվում ճարտարապետահատակագծային առաջադրանքները և շինթույլտվությունները: Կոռուպցիան միայն կաշառք ստանալը չէ, կաշառք տալը նույնպես կոռուպցիա է, իսկ այս դեպքում բացի կոռուպցիայից սա որևէ այլ կերպ չի կարելի որակել, չնայած, որ բուն քաղաքապետարանի աշխատակազմին չի վերաբերում, այլ երրորդ անձինք ու ընկերություններն են սրանով զբաղվում: Բոլոր նմանատիպ դեպքերում կառուցապատողները ևս խնդիր են ունենալու»,- ընդգծել է քաղաքապետը: 
***
Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի մոտ մեկ ամիս տևած հանրային քվեարկության գործընթացը: «Ակտիվ քաղաքացի» հարթակում դրված «Կասկադ այգիներ» նախագիծն արժանացել է քվեարկությանը մասնակցած  քաղաքացիների 44.4%-ի, իսկ «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը՝  55.6 %-ի հավանությանը: 
***
Անցած երկու ամսվա ընթացքում Երևանի վարչական տարածքում կազմակերպվել և առանձին տարածքներ են տեղափոխվել 128 ոչ պիտանի տրասնպորտային միջոցների հենակմախքներ և 187 տարբեր մետաղական ջարդոն ու իրեր: 
***
Ուսումնասիրվել են չափագրված և կադաստրի կոմիտեում արձանագրված ինքնակամ շինությունների տվյալները, առկա է շուրջ 16000 այդպիսի փաթեթ: Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի այս տվյալները ևս տեսանելի լինեն GIS համակարգում:
***
Մաշտոցի պողոտայի շենքերը կապահովվեն գեղարվեստական լուսավորությամբ:
***
Կմշակվի «Հրազդանի կիրճ» համայնքային պարկի կառավարման պլան: Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ամբողջությամբ ուսումնասիրվել է տարածքի կենդանական և բուսական աշխարհը, գույքագրվել շինություններն ու պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողները, որոնք էլ հիմք կլինեն Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու համար: Նախագիծը նաև հնարավորություն կտա փոխել վերաբերմունքը կարևորագույն այս վայրի նկատմամբ ու էապես բարելավել իրավիճակը: