Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը բացվել է. 2 երեխան ու ծնողը վայր են ընկել
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 երեխա և 1 կին, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները սովորում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 116 դպրոցում և «Temsa» մակնիշի ավտոբուսով երեխաները ուսուցիչների և մի քանի ծնողների հետ Նորավաանքից վերադառնում էին Երևան ու Արարատի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոբուսի դուռը բացվել է և 3 հոգին հայտնվել են դրսում։
Նշված ավտոբուսով էլ վիրավորներին տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ստացել ու նրանց տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։