Շիրակի մարզում մեքենաներ են բախվել․ 9 վիրավորներից 5-ը երեխաներ են
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 9 հոգի, որից 5-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները։
Վթարի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալ Արայիկ Դարբինյանի և Ախուրյանի քննչական բաժնի պետ Վահան Սամվելյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։