Օրացույց.14-ը Հոկտեմբերի. Խաղողագործները բեռնված մեքենաներով շրջապատել էին Ազգային Ժողովը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1997-ի հոկտեմբերի 14-ին Հայաստան է ժամանում Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին։ Նրան դիմավորում է Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։ Նա Հայաստանում է գտնվում ընդամենը 11 ժամ։ Նա հանդիպում է նախագահ Տեր-Պետրոսյանի հետ, այնուհետեւ՝ լրագրողների։ Վերջիններիս աշխարհի ամենահարուստ վարչապետն ասում է՝ այն օրից, ինչ դարձա վարչապետ, թողեցի իմ բոլոր գործերը։
1997-ի այս օրը բացվում է Ռամկավար Ազատական կուսակցության Թեքեյան կենտրոնը։ Նախկինում այս շենքում «Կռունկ» ռեստորանն էր։ Շենքի բացմանը մասնակցում են կաթողիկոսը, քաղաքապետ Վանո Սիրադեղյանը։ «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը նկատում է, որ «Թեքեյան» մշակութային միության բախտը միշտ բերել է քաղաքապետերի, ներառյալ Վանո Սիրադեղյանի հարցում։
1998-ի հոկտեմբերի 14-ին Ազգային Ժողովի փոխնախագահ Ալբերտ Բազեյանը երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է հրաժարական ներկայացնում։ Նախորդ հրաժարականին Երկրապահ Կամավորական խումբը դեմ էր։ Բազեյանը հոգեբանորեն պատրաստ չէ աշխատել այս Ազգային Ժողովում, թեեւ իր քաղաքական ուժը մեծամասնություն է։
Նույն օրը հայ խաղողագործները իրենց մթերքներով բեռնված մեքենաներով շրջապատել էին Ազգային Ժողովը։ Արմավիրի, Արտաշատի եւ Արարատի խաղողագործները 6 օր ու գիշեր փորձել են հանձնել իրենց խաղողը «Արաքս» ընդունման կետին։ Այստեղից նրանց մի մթերման կետից մյուս մթերման կետ են ուղարկել։ Ի վերջո խաղողագործները որոշում են կանգ առնել Ազգային Ժողովի մատույցներում։
Արդարադատության նախարարությունը սկսում է կրճատել իր ոլորտի ծառայողներին՝ առաջինը Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնի աշխատակիցների կրճատումն է։ Հայտնի ԶԱԳՍ-ում աշխատանքը պահպանելու համար 1999-ի այս օրերին կենտրոնի աշխատողները քննություն են հանձնում։
2000 թվայանի հոկտեմբերի 14-ին հայ կանայք աշխատանք են պահանջում պետական ոլորտներում։ Խորհրդարանում ընդամենը երեք կին պատգամավոր կա։ Կանայք մասնակցում են «Գենդերային հավասարությունը Հայաստանում» թեմայով սեմինարի եւ ամբողջ ձայնով ասում՝ պետական համակարգում ծառայող տղամարդիկ մեզանից լավը չեն, եթե հակառակը չասենք։
2000-ի այս օրերին Ալեքսանդր Գիվոեւ անունով մի մարդ եկեղեցիներում կնքում է զոհված ազատամարտիկների եւ անապահով ընտանիքների երեխաների։ Կնքահայրն այդպիսով նրանց ուղեկցում է դեպի Քրիստոնեության 1700-ամյակ։ Հենց այդքան էլ երեխա է պատրաստվում կնքել այս մարդը։ Եկեղեցին մեծ ոգեւորությամբ է մասնակցում այս արարողությանը։
2000-ի հոկտեմբերի 24-ին Ռոբերտ Քոչարյանն ընդունում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Վերջինս եկել էր ասելու, որ Քրիստոնեության 1700-ամյակի օրերին Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում միջոցառումներ կանցկացվեն։
2001-ի այս օրը Երեւանում հիշում են մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանին։ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը լուրջ տեղեկություններ ունի, որ այս օրերին Երեւանն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է։ Իսկ թե ինչ է մնացել Թամանյանի պատկերացրած Երեւանից, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը գիտի։
Նույն օրը Հայաստանում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի լարային քառյակը։ Նրանք Հայաստան են եկել անակնկալով՝ Կոմիտասի ստեղծագործությունների սեփական կատարմամբ, նոտաները նրանց տրամադրել է մեր արտգործնախարարությունը։
Ղարաբաղյան բանակի ներկայացուցիչները 2009-ի այս օրերին դեմ են ոչ միայն ազատագրված տարածքները վերադարձնելուն, այլեւ սահմանի երկայնքով այլ երկրների խաղաղապահ զինվորների տեղակայմանը։
Նույն օրը Ազգային Ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երկու բառով է բնորոշում հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման արարողությունը. «Զզվանքս եկավ»։
Նույն օրը Անկարայում տեղի է ունենում Թուրքիա Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։ Մերոնք պարտվում են բաց թողնելով երկու անպատասխան գնդակ։ Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ստիպված է բացատրել, թե ինչու էր բարձրանում Սերժ Սարգսյանի տրամադրությունը մեր դարպասին խփված գոլերի ժամանակ։