Հայազգի Դարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ում բնակվող երեք գիտնականներ՝ բրիտանացիներ Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը, ինչպես նաև ծնունդով Ստամբուլից, ազգությամբ հայ Դարոն Աճեմօղլուն տնտեսագիտության ոլորտում երկուշաբթի արժանացել են Նոբելյան 2024 թվականի մրցանակին, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Սայմոն Ջոնսոնը, Ջեյմս Ռոբինսոնը և Դարոն Աճեմօղլուն տնտեսագիտության ոլորտում երկուշաբթի արժանացել են Նոբելյան 2024 թվականի մրցանակին՝ իրենց հետազոտության համար, թե ինչպես են ձևավորվում ինստիտուտները և ազդում հանրության բարգավաճման վրա, ու ինչու է անհավասարությունը պահպանվում հատկապես այն երկրներում, որտեղ կառավարման բռնապետական համակարգ է ու կոռուպցիա:
Այս մասին հայտնել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։
«Երկրների միջև եկամուտների հսկայական տարբերությունների կրճատումը մեր ժամանակի գլխավոր մարտահրավերներից է։ Դափնեկիրները ցույց են տվել հանրային հաստատությունների կարևորությունը այս նպատակին հասնելու համար։ Նրանք ի հայտ են բերել թույլ ինստիտուցիոնալ միջավայրի պատմական արմատները, որը բնորոշ է ցածր եկամուտ ունեցող երկրներին»,- մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագիտության մրցանակի հանձնաժողովի նախագահ Յակոբ Սվենսոնը։
Մրցանակը շնորհվել է հաջորդ օրը այն բանից հետո, երբ Համաշխարհային բանկը հրապարակեց մի զեկույց, ըստ որի աշխարհի 26 ամենաաղքատ երկրների պարտքը ռեկորդային բարձր կետին է 2006 թվականից ի վեր։ Ի դեպ, այդ երկրներում է բնակվում աշխարհի աղքատ բնակչության մոտ 40%-ը:
Տնտեսագիտության ոլորտում մրցանակը Նոբելյան պարգևներից վերջինն է, որ շնորհվում է տարվա ընթացքում, և որպես դրամական պարգև հաղթողները կստանան մոտ 1,1 միլիոն դոլար:
Այլևս Նոբելյան մրցանակակիր լինելու մասին տեղեկության հրապակումից հետո հրավիրված ասուլիսին Աճեմօղլուն հայտարարել է, թե ի մի բերված տվյալները վկայում են, որ աշխարհի շատ մասերում ինստիտուտներն ու օրենքի գերակայությունը շարունակում են թուլանալ:
«Կարծում եմ՝ սա այն ժամանակաշրջանն է, երբ ժողովրդավարությունները դժվար ժամանակներ են ապրում: Շատ կարևոր է, որ նրանք վերադառնան լավ և թափանցիկ կառավարման ու հասարակության լայն շերտերի համար ժողովրդավարական խոստումների իրականացմանը»,- ասել է Աճեմօղլուն:
Աճեմօղլուն և Ջոնսոնը դասավանդում են ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, իսկ Ռոբինսոնը՝ Չիկագոյի համալսարանում:
Աճեմօղլուն և Ջոնսոնը վերջերս համահեղինակեցին պատմության ընթացքում տեխնոլոգիաների զարգացման մասին մի գիրք, ուր ցույց է տրված, թե տեխնոլոգիական առաջընթացն ինչպես է նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու հանրային բարգավաճմանը:
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներից են այնպիսի ազդեցիկ մտածողներ, ինչպիսիք են Միլթոն Ֆրիդմանը, Ջոն Նեշը, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Բեն Բեռնանկեն:
Ի դեպ, տնտեսագիտության բնագավառում անցած տարի ևս Նոբելյան մրցանակ շնորհվեց անհավասարության վերաբերյալ հետազոտության համար։ Դափնեկիրը Հարվարդի համալսարանում դասավանդող տնտեսության պատմաբան Կլաուդիա Գոլդինն էր՝ տղամարդկանց և կանանց միջև աշխատավարձի, աշխատաշուկայի անհավասարության պատճառների վերաբերյալ իր աշխատանքի համար:
2019 թվականին տնտեսագետներ Աբհիջիտ Բաներջին, Էսթեր Դուֆլոն և Մայքլ Կրեմերը մրցանակ էին ստացել՝ աղքատության կրճատման ուղղությամբ իրենց աշխատանքի համար։
Աճեմօղլուն հայազգի Նոբելյան երկրորդ մրցանակակիրն է
Նշենք նաև, որ Դարոն Աճեմօղլուն հայկական ծագմամբ երկրորդ Նոբելյան մրցանակակիրն է։ 2021 թվականին բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացավ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան ծնունդով Բեյրութից, բայց, դարձյալ, ներկայում ԱՄՆ-ում բնակվող Արտեմ Փաթափությանը։