Բացել լրահոսը Փակել լրահոսը
01(900x600)
A A
Բիզնես

Ucom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետ

Ucom ընկերությունը կդառնա հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում կայանալիք գործարար խորհրդատվության միջազգային ամենահեղինակավոր CMC համաժողովի տեխնոլոգիական գործընկերը։ Համագործակցության շրջանակներում, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաժողովում հանդես կգա որպես խոսնակ՝ «Տեխնոլոգիական առաջընթացը և կայուն շրջակա միջավայրը» թեմայի շուրջ անդրադառնալով արդիական և կարևոր ուղղությունների։

Միջազգային CMC համաժողովը հայաստանյան խորհրդատվական և գործարար համայնքի նշանակալի իրադարձություններից մեկն է, որը նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան) և 2024 թվականին անց է կացվում Հայաստանում՝ իր հարկի տակ հյուրընկալելով համաշխարհային լավագույն խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների ու հեղինակավոր խոսնակների։

«Նոր տեխնոլոգիաները կոչված են հեշտացնել մեր կյանքը, արագացնել գործընթացները, ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը։ Մենք որպես տեխնոլոգիաների հետ ուղիղ կապ ունեցող ընկերություն շատ հետաքրքրված ենք տեխնոլոգիական զարգացումով ու ուրախ ենք, որ նման թեմաների շուրջ մասնագիտական լուրջ քննարկումներ են տեղի ունենում Հայաստանում, ու միշտ սիրով աջակցում ենք նման միջոցառումներին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

2024 թվականին համաժողովը «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագրի ներքո անդրադառնալու է ոլորտի մի շարք զարգացումների, այդ թվում՝ խորհրդատվության, թվայնացման, շրջակա միջավայրի, կայունության, բիզնես միջավայրի և մի շարք այլ ուղղությունների։

«Միջազգային միջոցառումների ձևաչափերը բացի գրավիչ ու կարևոր լինելուց, նաև մեծ հնարավորություններ են ստեղծում նեթվորքինգի ու ծանոթությունների համար։ Նման ձևաչափերից է նաև ամենամյա Միջազգային CMC համաժողովը, որն այս տարի մեզ հաջողվեց բերել Հայաստան։ Ուրախ եմ, որ մեր բիզնես միջավայրն ընկալում է այսօրինակ հնարավորությունները և այսօր հայտարարում ենք մեր գործընկերներից մեկի՝ Ucom ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին։ Կսպասենք բոլորին հոկտեմբերի 7-11-ը՝ զրուցելու ապագայի բիզնես միջավայրի ու խորհրդատվական ծառայությունների մասին»,-ասաց IMC Armenia տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։

Համաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն ոլորտի առաջատար մասնագետներ ինչպիսիք են ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը, առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը, Գործարար Դեյվիդ Յանգը և շատ ուրիշներ։ Խոսնակների և թեմաների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է միջոցառման պաշտոնական կայքում։

Միջազգային CMC համաժողովի հարուստ օրակարգը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարման խորհրդատուների, բիզնեսի ոլորտով հետաքրքրված ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների և բիզնեսի այլ ներկայացուցիչների համար։

CMC համաժողովի օրերին հոկտեմբերի 9-ին, Հայաստանում տեղի կունենա «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ է սահմանել խորհրդատվական ոլորտում նորարար լուծումներ առաջարկող շուրջ 9 երկրներից ներկայացված նախագծերի համար, որոնց թվում այս տարի առաջին անգամ կան նաև հայկական ընկերություններ ու նախագծեր։

Համաժողովի մասին տեղեկատվությունը, գրանցումն ու տոմսերի մասին մանրամասները ևս ներկայացված են կայքում։