Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Տեսախցիկներ՝ ամենուր. քննարկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Նախագծի քննարկումը հետաձգվեց շտկումներ, կոնկրետացումներ, հստակեցումներ անելու համար»,- «Ա1+»-ում «Հանրային լրագրության ակումբի» կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը՝ անդրադառնալով Հայաստանում գրեթե բոլոր տնտեսվարողների մոտ տեսախցիկներ տեղադրելու պահանջի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։

Քննարկումն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։ Եվ Ռուսլան Մարդանյանի հետ մասնակցում էր նաև մեդիա և տեղեկատվական անվտանգութան փորձագետ Արթուր Պապյանը։

Հիշեցնենք, որ դեռևս ԱԺ-ում հունիսին առաջին ընթերցմամբ ընդունված այդ նախագիծն առաջարկում էր տեսանկարահանող սարքեր տեղադրել՝ բանկերում, վարկային կազմակերպություններում, տարադրամի փոխանակման կետերում, փոստային բաժանմունքներում, ուսումնական հաստատություններում, 100 քառակուսի մետրից ավելի տարածք ունեցող առևտրի կետերում, 50 քառակուսի մետրից ավելի տարածք ունեցող հանրային սննդի օբյեկտներում և շատ այլ տնտեսվարողների մոտ։ Նախագխի պահանջներից մեկն էլ այն էր, որ այդ սարքերը ցանկացած պահի պետք է հասանելի լինեն Ոստիկանությանը։

Բայց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին 2 ամսով հետաձգեց նախագծի՝ Ոստիկանության մասին օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկումը։

Արթուր Պապյանը մտահոգություն հայտնեց, թե տնտեսվարողների համար դժվար կլինի այդ պահանջը կատարել, և նրանցից ոչ բոլորը կկարողանան տեսանկարահանող սարքեր տեղադրել կամ կառավարել դրանք։ ՆԳՆ ներկայացուցիչը հավելեց, թե շուրջ 2,5 տարի անցումային ժամանակահատված է նախատեսված, որ տնտեսվարողները հասցնեն պատրաստվել։

Արթուր Պապյանը նաև դիտարկումներ արեց, որ համատարած տեսախցիկների տեղադրումը խնդիրներ կառաջացնի լրագրողների աշխատանքի գաղտնիության, բժշկական, առևտրային գաղտնիքի և այլ առումներով։ Բացի այդ ինչու տնտեսվարողը պետք է վճարի Ոստիկանության աշխատանքի համար, հատկապես, որ նրանք արդեն հարկեր վճարում են, որի մի մասն էլ հատկացվում է մեր երկրի անվտանգային խնդիրների լուծմանը։ Ռուսլան Մարդանյանը պատասխանեց, որ կներդրվի վերահսկողական կամ այդ համակարգերի անվտանգության հնարավորինս ապահով տարբերակ, որպեսզի այդ բոլոր մտահոգությունները նվազագույնի հասցվեն։

«Բոլորը պետք է մասնակցեն հանրային անվտանգության ապահովման գործընթացին»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում