Եվս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ներդրվելու է նոր չափորոշիչը
Աջակցիր «Ա1+»-ինԱյս ուսումնական տարվա մեկնարկին դպրոցներում նոր դասագրքերի հետ կապված խնդիր չի լինի, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է, մի մասն արդեն դպրոցներում է, մյուս մասը կհասնի մինչև շաբաթվա վերջ:
Այս մասին ասացԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հարցրեց, թե ինչքանո՞վ են պատրաստ նոր ուսումնական տարվա մեկնարկին:
«Այս տարի մեզ համար նույնպես լինելու է բարդ, որովհետև նոր չափորոշչի ներդրման գործընթացում ենք: Եվս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ներդրվելու է նոր չափորոշիչը, դրանք կգումարվեն նախորդ տարվա 3 դասարաններին: Այսպիսով՝ 12 դասարանից 7-ում կաշխատենք նոր չափորոշչով»,-ասաց Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ քանի որ կա նախորդ տարվա փորձը, դպրոցներին ավելի հեշտ կլինի դա իրականացնելը:
Ամբողջությամբ իրականացվել է նոր դասագրքերի տպագրության գործընթացը: «Կարծում եմ, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, մենք նաև ժամանակային որևէ ձգձգում չենք ունենա: Դասագրքերի մեծ մասն արդեն դպրոցներում է, մնացած մասը կհասնի մինչև այս շաբաթվա վերջ: Եվ սեպտեմբերի հենց առաջին օրվանից երեխաները կկարողանան ամբողջական փաթեթով իրականացնել իրենց դասապրոցեսը»,-ասաց նա: