Բացել լրահոսը Փակել լրահոսը
77
A A
Հասարակություն

Արցախում պատվիրատուների մեծ մասը Հայաստանից էին, հիմա հակառակն է՝ հիմնական պատվիրատուներն արցախցիներ են

Արցախցի իրավաբան Լիաննա Գալստյանն Արցախում մասնագիտությամբ կարճ ժամանակամիջոցում աշխատելուց հետո, հասկացավ, որ դա այն աշխատանքը չէ, ինչ ինքն էր ցանկանում։ Բռնագաղթելուց հետո էլ մասնագիտությամբ աշխատելու ցանկություն չի ունեցել, այլև փորձում է տարբեր դասընթացների մասնակցել, նոր հմտություններ ձեռքբերել։ Միաժամանակ դեռևս Արցախում ծնված բիզնես մտահղացումներն է կյանքի կոչում՝ իր համար հաճախ հաճելիորեն զարմանալի լուծումներով։ «Արցախում սպասարկման մի շարք ոլորտներում եմ նաև աշխատել, ապա աշխատանքի անցել հարկային տեսչությունում, որտեղ որոշ ժամանակ անց մամուլի քարտուղար եմ նշանակվել։ Արցախից բռնի տեղահանվելուց առաջ ֆիզարձակուրդում էի՝ նոր պիտի աշխատանքի վերադառնայի։ Երբ նոր էի պատրաստվում մայրանայի ու իմ հարմարավետ անկյունն էին ուզում ստեղծել, սոցիալական տարբեր հարթակներում դեռ նոր էին թրենդային դառնում գործած օրորոցները, զամբյուղները, պայուսակները՝ այդժամ գաղափար հղացավ մոտս իմ բալիկի համար իմ ձեռքերով գործեմ անհրաժեշտ պարագաները։ Մինչ այդ դեռևս 2018-ից էի տարբեր տեսակի հերակալներ ու մանր-մնուր այլ զարդեր պատրաստում, երբ քույրիկս էր պատրաստվում երեխա ունենալու ամեն ամսականին նոր զարդ էի պատրաստում՝ կարած, թե ձեռագործ»,- Ա1+- ի հետ զրույցում ասում է երիտասարդ մայրիկը։ Մեկ-մեկ նաև ծանոթներից ու ընկերներից պատվերներ էր ստանում Լիանան։ Ինքն էլ սիրով էր առանձնահատուկ նվերներ մատուցում ընկերուհիների նորածիններին։ «Լինում էր այնպես, որ սոցիալական ցանցերում այս կամ այն բանն էին տեսնում, հավանում ու նկարն ուղարկում ինձ ու հարցնում կկարողանա՞մ նմանատիպը պատրաստել ու ես սիրով հանձնառում էի, ինչքան էլ որ բարդ լիներ այն պատրաստելը։ Այդպես սկսեցի մանր բաներից, ու հիմնականում իմ շրջապատի համար»։

Amenita»՝ սա Լիաննայի ապրանքանիշի անվանումն է։ Այն որպես բրենդ ձևավորվեց ու առավել հայտնի դարձավ 2021 թվականին։ Ունեցավ իր պիտակն ու տարբերանշանը ու սկսեց նաև եկամուտ բերել նորաստեղծ ընտանիքին։ Արցախը հարկադրաբար լքելուց հետո Երևանում են հաստատվել, ինտեգրումն անցնցում չի անցնում։ «Ինչքան էլ փորձենք ինտեգրվել, ներգարվվել շրջապատին, մեկ է մենք մեր տեղում չենք։ Չնայած նրան, որ Հայաստանում հաճախ էինք լինում, սակայն հիմա այլ աչքով ենք այդ ամենին նայում ու այս ամենի գիտակցումն ավելի քան ցավալի է»։

Երևանում աշխատանք գտնելու Լիաննայի փորձերը դեռևս ցանկալի արդյունք չեն տվել։ «Ընդունված է համարել, որ Երևանում հեշտ է աշխատանք գտնելը, սակայն ինձ համար այստեղ ամեն ինչ խիստ կենտրոնացված է, ինչը խանգարում է աշխատանք գտնելու հարցում։ Ու այն, որ մասնագիտությամբ իրավաբան եմ ու իմ մասնագիտությամբ աշխատանք չեմ փնտրում՝ իմ առաջին դժվարությունն ու ինքս ինձ համար ստեղծած արհեստական բարդույթն է, որը փորձում եմ հաղթահարել։ Փորձում եմ տարբեր հմտություններ ձեռք բերել և յուրացրած նոր մասնագիտության ուղղությամբ հայտարարությունների հետևել, հարցազրույցների մասնակցել։ Ասեմ, որ դեռևս հաջողություններ չունեմ, փնտրտուքս շարունակվում է։ Սակայն դա չի նշանակում, որ ես դադարել եմ զարգացնել իմ բիզնեսը, որը ժամանակ առ ժամանակ ինձ եկամուտ է բերում։ Չնայած ինտեգրումը նոր շուկային բավականին դժվար է, սակայն կարողանում եմ իմ ձեռագիրն ու նախասիրությունները պահպանելով և տվյալ շուկայի առանձնահատկությունները հաշվի առնելով առաջ շարժվել»։ Լիաննան գործում է ինչպես մանկական շորիկներ, այնպես էլ ուլտրամոդայիկ պարագաներ։ Մեծ նշանակություն է տալիս ստեղծած աշխատանքների ոճին ու տեսքին։ «Ցանկացած բան, ինչի համար դիմում են, որ նույնիսկ իմ պրակտիկայում այդպիսի աշխատանք արած չեմ լինում՝ համաձայնում եմ։ Քանի որ սիրում եմ նորույթների վրա աշխատել և չկրկնվող գործեր ստեղծել։ Նման գործերն ինձ միշտ մոտիվացրել են, իսկ արղյունքը գոհացրել է և՛ ինձ, և՛ իմ պատվիրատուին»-, ասում է արցախցի ձեռներեցը։ Ներկայում փորձում է անգլերենի իմացությունն ու գիտելիքները բարելավել, միաժամանակ մասնակցում է Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից բռնի տեղահանված արցախցիների համար կազմակերպվող «Մարդկային ռեսուրսների կառավարման» դասընթացներին։

«Անգլերեն լեզուն շատ պահանջված է, պահանջված մասնագիտություն է նաև ՄՌ կառավարումը, որոնց փորձում եմ լիարժեք տիրապետել և համատեղել, ինչը հող կստեղծի իմ ոտքերի տակ՝ կայուն աշխատանք գտնելու հարցում։

Ստաբիլ եկամուտ ունենալու դեպքում կկարողանամ զարկ տալ նաև իմ բիզնեսին, իմ ստեղծարար աշխարհին։ Ներկայում էլ չեմ դադարում որևէ նոր բան ստեղծել, պատվերներ ժամանակ առ ժամանակ ունենում եմ։ Ինչքան էլ հոգնած լինեմ, ստեղծագործական իմ աշխատանքն ինձ համար ինքնաթերապիա է։ Ու ինչքան էլ մեծ լինի զբաղվածությունս՝ թեկուզ իմ բալիկի ու շրջապատիս համար միշտ ինչ-որ նոր բան գործելու, ստեղծելու եմ»։ Շուկաների տարբերությունը զգացնել է տալիս՝ նկատում է Լիանան։

Զարմանալի զուգադիպությամբ, երբ Արցախում էր զբաղվում ձեռագործությամբ պատվիրատուների մեծ մասը Հայաստանից էին։ Հիմա հակառակն է՝ հիմնական պատվիրատուներն արցախցիներ են։ «Այս պահին ավելի շատ կենտրոնացած եմ աշխատանք գտնելու վրա, ինչից հետո աշխատելու եմ «Amenita»-յի զարգացմանն ու բիզնես գաղափարներիս երկրորդ շունչ տալու վրա։ Անվանումը հենց իտալերենից թարգմանաբար նշանակում է էսթետիկ ու սիրուն։ Անունն ինձ ավելի քան հոգեհարազատ է, քանի որ ուր էլ որ լինեմ՝ սիրում եմ շուրջս ստեղծել էսթետիկ գեղեցկություն և հանգստություն»,- ասում է Լիաննան։

Անահիտ Պետրոսյան