Բռնի տեղահանված, Բարեկամավանում հաստատված բազմազավակ ընտանիքն օգնության կարիք ունի
Աջակցիր «Ա1+»-ինԱղավնի Խաչատրյանի բազմազավակ ընտանիքը Մարտակերտի Մոխրաթաղ գյուղից է տեղահանվել։ Բռնագաղթելուց հետո ապաստան են գտել Տավուշի մարզի Բարեկամավան սահմանամերձ գյուղում։
«Հայտնի լրագրող Թաթուլ Հակոբանի միջնորդությամբ մենք ևս օգտվել ենք մարզի սահմանամերձ գյուղերում իրականացվող՝ բռնի տեղահանված արցախցիներին ուղղված բարեգործական ծրագրերից։ 7 հատ ոչխար են մեր ընտանիքին տրամադրել։ Երբ դեռ նոր էինք այստեղ հաստատվել, ձմեռային սեզոնին դպրոցի վառարաններն էի վառում ու մի փոքր գումար վաստակում»,- Ա1+-ի հետ զրուցում ասում է 6 երեխաների մայրը։
5 տղա ու մեկ աղջիկ ունի տիկին Խաչատրյանը։ Փոքր 4, մեծը՝ 20 տարեկան է։ «Աղջիկս ուսանող է, Իջևանում է սովորում։ Գյուղում գյուղատնտեսությունից բացի այլ աշխատանք չես կարող անել, մանավանդ, ես էլ միջնակարգից բացի այլ կրթություն չունեմ, որ աշխատեմ»։
Գյուղը սահմանամերձ է, բնակիչների` արտահոսքը շատ։ Դպրոցում ընդամենը 20 աշակերտ է սովորում, մանկապարտեզ չկա, ջուրը սակավ է՝ ասում է զրուցակիցս։ «Այս տարի առաջին դասարան հաճախող զավակ ունեմ, ու նա գյուղի միակ առաջին դասարանցին է։ Չգիտեմ` որ մի ծնողը կուզենա իր զավակների համար նման պայմաններ։ Սակայն ելնելով ստեղծված իրավիճակից ու այն պայմաններից, որի մեջ մենք հայտնվել ենք՝ ապրում ենք»։
Հրազդան քաղաքում է ծնվել Աղավնին։ Ամուսնացել և տեղափոխվել է Դիլիջան։ Հինգ երեխաներն արդեն ծնվել էին, երբ որոշում են կայացրել տեղափոխվել Վարդենիս։
«Վարդենիսում տուն, տեղ ամեն ինչ վաճառել ու տեղափոխվել ենք Արցախ։ Մոխրաթաղում հաստատվել ենք որպես վերաբնակիչներ։ Ստացել ենք պետության կողմից վերաբնակիչներին հասանելիք բոլոր արտոնություններից։ Կյանքն այնտեղ նորովի եմ որոշել կազմակերպել։ Արդեն 6-րդ զավակս էր ծնվել ու երեխաների խնամքի հետ նաև ընտանի կենդանիներ էի պահում, բանջարանոց մշակում։ Ստեղծել էինք նորմալ պայմաններ՝ մեր երեխաներին ապահով պահելու համար։ Նույնիսկ 44-օրյա պատերազմը չկոտրեց մեզ կրկին հարազատ դարձած Մոխրաթաղ վերադառնալու և կյանքն այնտեղ շարունակելու համար»,- պատմում է զրուցակիցս։
Պետական աջակցության ծրագրերից օգտվում են, որպես բազմազավակ մայր նպաստ է ստանում։ «Չնայած կարճ ժամանակամիջոց ենք ապրել Արցախում, սակայն այնտեղ շատ շուտ ենք հարմարվել ու կարողացել ստեղծել, տուն ու տեղ դնել, երկու ավտոմեքենայի տեր դառնել»,- ասում է տիկնի Աղավնին։
Բարեկամավանում գյուղապետն աջակցել ու միջնորդել է, գյուղի ազատ բնակֆոնդից տուն են հատկացրել բազմազավակ ընտանիքին։
«Մեկ տարի առանց վարձավճարի ենք պայմանավորվել ապրել, հետո չգիտեմ ոնց կլինի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ենք ձեռքբերել, որպեսզի կարողանանք օգտվել փոխհատուցման ծրագրից։ Ասել են՝ քաղաքացիության առկայությունը պարտադիր է, որպեսզի օրենքով նախատեսված կարգով կարողանանք օգտվել բազմազավակ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրից»,- ասում է ընտանիքի մայրը։
Այս պահին ընտանիքում ոչ մեկ չի աշխատում։ Զբաղվում են ոչխարաբուծությամբ և տնամերձի մշակմամբ։ «Մեր ընտանիքն ամեն ինչի աջակցության կարիք ունի, քանի որ ամբողջ ունեցվածը թողել ենք Արցախում ու դատարկաձեռն անտեղից հեռացել»։
Անահիտ Պետրոսյան