Բացել լրահոսը Փակել լրահոսը
11
A A
Բիզնես

«ArLeAM»-ի այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը (տեսանյութ)

«ArLeAM» ընկերության ինտենսիվ այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը։ Այգեկութն ազդարարել են այգիներ այցելած «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության աշխատակիցները։

Միջոցառումը մրցույթային բնույթ ուներ․ ընկերության աշխատակիցները բաժանվել են 4 թիմերի, որոնք այգում աճող խնձորների անվանական անուններն են կրել՝ Ռոյալ Գալա, Ռեդ Դելիշես, Գոլդեն Դելիշես և Գրեննի Սմիթ։ Հաղթող է ճանաչվել ամենաշատ բերք հավաքած թիմը՝ Գրեննի Սմիթը, որը 350 կգ խնձոր է քաղել։

«ArLeAM» ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը նշել է, որ ինտենսիվ այգին տարեկան միջինում 1000 տոննա բերք է տալիս․ «Այգիներում կա խնձոր, ծիրան և տանձ: Ունենք 4 տեսակի խնձոր: Առաջինը «Գալան» է հասունանում: Այն աշնանային ամենաքաղցր և խրթխրթան խնձորների դասին է պատկանում: Հայկական շուկայում ամենապահանջված խնձորներից է: «Գալայից» հետո հասունանում են «Գոլդենն» ու «Ռեդ Դելիշեսը»: Վերջում հասունանում է «Գրեննի Սմիթը»: Այն ևս շատ պահանջված կանաչ խնձոր է, որը համարում են ֆրանսիական: Մեր բոլոր ծառերն ունեն իտալական արմատներ», - ասել է նա։

Ինտենսիվ այգիների խնամքը մեկնարկում է դեռ ձմռանը՝ ծառերի էտով, իսկ արդեն գարնանն սկսում են ջրել այգիները, գյուղատնտեսական բաժինը զբաղվում է ծառերի պատվաստումով, բուժմամբ, պարարտացմամբ, մոլախոտերի հեռացմամբ և այլ աշխատանքներով։ Այգեգործների ուշադրության տակ է գտնվում նույնիսկ ոռոգման ջրի որակը և չափաբաժինը, որը պետք է համապատասխանի կաթիլային համակարգով աճեցվող ծառերի չափանիշներին։

«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, որն առաջարկում է առանձնահատուկ հոգատարությամբ, առանց հավելանյութերի, ինքնուրույն աճեցված արտադրանք։