Բացել լրահոսը Փակել լրահոսը
դպրոց
A A
Պաշտոնական

Տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացներ՝ «Կրթության կառավարում  և առաջնորդություն» ծրագրով

2023 թվականից պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել  է կառավարման նոր համակարգ, որի շրջանակում փոփոխվել է տնօրենների նշանակման կարգը։ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգի» պահանջների համաձայն՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը բաղկացած է 3 փուլից՝ հավակնորդների հայտերի ընդունում, զարգացման ծրագրի փորձաքննություն և հարցազրույցի անցկացում:

Կառավարման նոր համակարգի անցման և հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել նոր մասնագետների ներգրավում պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման   ոլորտ: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է իրականացնել  տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացներ՝ «Կրթության կառավարում  և առաջնորդություն» ծրագրով:

Դասընթացները ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կիրականացվեն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ։

Վերապատրաստման ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնելու կրթական ծրագրի մշակման, որակի գնահատման և կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքները, հմտությունները և ունակությունները։ Վերապատրաստման  ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր։ Հանձնաժողովի կողմից ծրագիրը դրական գնահատելու արդյունքում ծրագրի մասնակիցը կարող է նշանակվել հաստատության տնօրեն։

Ծրագրի ընդհանուր տևողությունը 7 ամիս է: Այն իրականացվելու է երկու խմբով՝ յուրաքանչյուր խմբում 30 մասնակից։ Վերապատրաստումն անցկացվելու է հիբրիդային եղանակով՝          առկա և առցանց հանդիպումների ձևաչափերով: Առցանց հանդիպումները նախատեսված են շաբաթական մեկ անգամ: Առկա հանդիպումներն իրականացվելու են Երևան քաղաքում:

Վերապատրաստման ծրագրին մասնակցությունն անվճար է, սակայն առկա  հանդիպումներին մասնակցության նպատակով ճանապարհի և կեցության ծախսերը հոգում են մասնակիցները։ 

Վերապատրաստման  ծրագրին  կարող են մասնակցել «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կարգով հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող պահանջները բավարարող, այդ թվում՝  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունեցող անձինք։ Վերապատրաստման ծրագրի մասնակիցների ընտրությունն իրականացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:

Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները կստանան փաստաթուղթ։

Վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար թեկնածուները կարող են անցնել  հետևյալ հղումով և ներկայացնել՝   

  • ինքնակենսագրական,
  • հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր,
  • էսսե, որտեղ պետք է ներկայացվի կոնկրետ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավար պաշտոն ստանձնելու մոտիվացիան:

Վերապատրաստման ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18.00։

Հարցերի դեպքում գրել [email protected] հասցեին:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ