Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ 4
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԳՆ․ Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար

 
❗️Վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստանում է դիմումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։
 
❓✍🏻 ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման խնդրի բախված քաղաքացիներին և ճշտելով իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև խնդիրը քննարկելով համապատասխան երկրների իրավասու մարմինների հետ՝ պարզել են հետևյալ հանգամանքները:
 
Քաղաքացիների մուտքն առանձին երկրներ արգելվում է այն պատճառով, որ Շենգենյան վիզա ստանալու ժամանակ՝ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է։
 
🖊️ Պայմանական օրինակ. Շենգենյան վիզա ստանալու դիմում-հարցաթերթիկում նշվել է 10 օրով Բուլղարիա մեկնելու նպատակ՝ ներկայացնելով ինքնաթիռի տոմսի և հյուրանոցի ամրագրում, սակայն հետագայում պարզվել է, որ տվյալ անձը պատրաստվում է Բուլղարիայում գտնվել 3 օր, ապա 7 օրով մեկնել Իտալիա կամ Շենգենյան գոտու այլ երկիր։
 
❗️Այցելության նպատակի նմանատիպ փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն։
 
Հարկ է նշել, որ Շենգենյան վիզայի առկայությունն անվերապահ իրավունք չի տալիս օտարերկրացուն մուտք գործել Շենգենյան գոտի։
 
🛂 Անձնագրային հսկողության ժամանակ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են այցի նպատակը, ինչպես նաև կարող են ստուգվել բավարար ֆինանսական միջոցների առկայությունը, հյուրանոցի ամրագրման վճարված և ուժի մեջ լինելու հանգամանքը, դուրս գրված (վճարված) հետ վերադարձի ինքնաթիռի տոմսի, այլ երկրներ ճամփորդելու վերաբերյալ հնարավոր տեղեկությունների առկայությունը և այլն։
 
Ստուգողական նման գործողություններն առավելապես բնորոշ են այն երկրներին, որտեղ միգրացիոն ռիսկերը գնահատվում են բարձր։
 
Հետևաբար,
🔹 Կարևոր է հիշել, որ վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել Շենգենյան գոտու այն երկրի դեսպանությանը, որտեղ նախատեսվում է այցելությունը, իսկ մի քանի երկրներ այցելելու դեպքում՝ հիմնական (առավել երկար ժամկետով) այցելության երկրի դեսպանությանը։
 
🔹 Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Շենգենյան վիզա ստանալուց հետո՝ այցելության նպատակի, երկրի, ժամկետների և այլ պայմանների ցանկացած անհամապատասխանություն կամ հետագա չհիմնավորված փոփոխություն կարող է հանգեցնել Ձեր մուտքը տվյալ երկիր արգելելուն և տրված վիզան չեղարկելուն՝ ինչպես սահմանին, այնպես էլ նախքան մեկնումը։
 
🔹 Օտարերկրյա պետություններ մեկնող ՀՀ
քաղաքացիներին հորդորում ենք նախապես ուսումնասիրել տվյալ պետության միգրացիոն կանոնները, հստակ գնահատել դրանք խախտելու ռիսկերը և հնարավոր բացասական հետևանքները։
 
🔹 Հավաստի տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ ենք տալիս օգտվել միայն տվյալ երկրի պաշտոնական այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են արտաքին գերատեսչության, դեսպանությունների, միգրացիոն ծառայության կայքերը և այլ պաշտոնական հարթակները։