Բացել լրահոսը Փակել լրահոսը
a00f4222-13f8-4f9a-af21-921cf984b9cd
A A
Հասարակություն

«Գիտակցական մի ամբողջ կյանք անկազմակերպ կերպով մի ճամպրուկի մեջ ենք տեղավորել ու բռնել գաղթի ճանապարհը»

Արցախցի Իրինա Սարգսյանը 30 տարի շարունակ Ասկերանի շրջանի դատախազությունում էր աշխատում։ Շրջդատախազության գրասենյակի պետն էր։ Մասնակցել է նաև Արցախյան առաջին ազատամարտին, քույրական աշխատանք էր իրականացնում։

«Շատ էի սիրում իմ աշխատանքը ու մեծ նվիրվածությամբ էի աշխատում։ Ամուսնուս հետ այստեղ եմ հանդիպել։ Ստեղծել ենք մեր հայկական ավանդական ընտանիքը, ունեցել երեք երեխա։ Տղաներս ծառայել են Արցախի ՊԲ շարքերում, զորացրվելուց հետո շարունակել ծառայությունը, որպես պայմանագրային ծառայողներ։ Ասեմ, որ նրանք երաժշտական կրթություն են ստացել ու բավականին լավ ունակությունններ ունեին։ Այլ իրականությունում կրթությունը երաժշտական քոլեջում պիտի շարունակեին, դառնային իրենց սիրած ու նախընտրած մասնագետը։ Հիմա մեզանից շատերն աշխատում են, քանի որ ուղղակի պետք է աշխատեն, առանց ընտրության»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է տիկին Սարգսյանը։

Չարաբաստիկ սեպտեմբերի 19-ին Իրինայի որդիները Սառնաղբյուր գյուղի ուղղությամբ էին իրականացնում իրենց ծառայությունը։ Ավագ որդին՝ Լեոն, իմանալով, որ գյուղում խաղաղ բնակիչներ են վիրավորվել, Ուրալ մեքենայով օգնության էր շտապել, սակայն թշնամու արձակած կրակոցների հետևանքով մեքենան փչացրել էր, և նա ստիպված էր ոտքով երկար ճանապարհ կտրել՝ մինչև կհասներ ռուս-խաղաղապահների պահպանության դիրք՝ նրանցից օգնություն խնդրելու համար։ Ապա բարձրացել է դիրքեր՝ մարտական ընկերների մոտ, որտեղ էր նաև եղբայրը՝ Տիգրանը։

«Բոլորս անխտիր անասելի ծանր վիճակում էինք։ Չգիտեինք՝ որ կողմից և ինչպես պաշտպանվենք, քանի որ շրջափակման մեջ էինք գտնվում ու դա քիչ էր, մեր տղաները, ամուսինները թշնամու բերանում էին գտնվում, ու կապ հաստատել հետները չէր ստացվում։ Քաոս էր իսկական ու վերջը չէր երևում։ Սակայն նման պայմաններում էլ բացառում էի, որ կստեղծվեն այնպիսի պայմաններ, որ հարկադրված կլքենք մեր հայրենիքը»։ Գաղթի ճանապարհը 2023-ի սեպտեմբերի 25-ին են բռնել։

«էտ սև օրը ճանապարհին լսեցինք բենզինի պահեստում պայթունի սարսափազդու լուրը ու ծանոթ - անծանոթ զոհերի մասին... ահավոր էր։ Քանի որ ամուսինս Mercedes-Sprinter մեքենա էր վարում՝ մեզ հետ ճանապարհին վերցրեցինք երկու-երեք ընտանիք։ 18 ուղևորի փոխարեն 22 ուղևոր մի կերպ տեղավորեցինք մեքենայի մեջ։ Վտանգավոր էր, սակայն նախընտրեցինք մարդկանց կյանքը փրկել այլ ոչ թե տան իրեր։ Ճանապարհվեցինք սոված, հոգնած, անքուն, մաշված նյարդերով։ Գաղթի ճանապարհին հանդիպեցինք մեր ավտոշարասյան հետ կանգնած Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղի բնակիչ Արտիկ Մաղաքելյանին, ով մի ժամանակ աշխատում էր Ասկերանի ոստիկանությունում։ Տեսնելով մեր մեքենայի ուղևորներին, որոնց մեծամասնությունը կանայք ու մանկահասակ երեխաներ էին՝ ասաց, որ ալյուր ունի ու աման, որի մեջ կարող ենք խմոր հունցել։ Շատ ուրախացանք, ջուր ունեինք, ալյուրը տվեցին։ Եղբորս կնոջ հետ սկսեցինք խմոր հունցել։ Տղաներս կրակ վառեցին, ճանապարհային երթևեկության նշանի թիթեղը դրեցինք կրակին ու սկսեցինք լավաշ թխել։ Փոքր կտորներով սկսեցինք բաժանել մարդկանց։ Մոտենում էին ջահել մայրեր տարբեր մեքենաներից, երեխայի ձեռքից բռնած կամ գրկած ու հարցնում՝ «ստե՞ղն հաց թխում, ասալն Իրան հացա պիժենում» (այստեղ հա՞ց են թխում, ասացին, որ Իրանհաց է բաժանուն)։ Ուրախանում էի, որ գոնե երեխաները մի կտոր լավաշ կուտեն։ Մայրիկները չէին ուտում, պահում էին երեխաներին, որովհետև չգիտեինք, ինչքան ժամանակ դեռ նման ծանր վիճակում կմնանք։ Այսպես, մեր  անզորության հետ հաշտված, ու մի ամբողջ կազմակերպված կյանք անկազմակերպ ձևով մի ճամպրուկի մեջ տեղավորած, ցավից, վախից և անորոշությունից մթագնած ուղեղներով` գաղթում էինք»,- ասում է զրուցակիցս։

Երկու օր ու կես տևեց հարազատ ծննդավայր Ասկերանից մինչև չարաբաստիկ անցակետ հասնելը։ «Ասկերան անունից սիրտս մղկտում է, չեմ մոռանա աղջկաս՝ Անաստասիայի լացը, երբ արդեն անցնում էինք Ասկերանի Բերդը ու հետ նայելով ցուցատախտակի կարմիր տառերով գրված ԱՍԿԵՐԱՆ-ին՝ փղձկաց... Խոսքերն անզոր են նկարագրելու հոգուս ցավը։ Հիմա անորոշության մեջ ենք։ Հոգիս ու սիրտս մնացել են այնտեղ, որտեղ, կյանքիս ամենավառ ու տպավորիչ տարիներն են անցել»,- ասում է տիկին Սարգսյանը։

Երևանում են հաստատվել։ Ռուսաստանում հարազատներ ունեն, սակայն արտագաղթել չեն պատրաստվում։ Ընտանիքի բոլոր անդամները զբաղվածություն ունեն։ Ամուսինս՝ Լեոնիդը շինանյութերի խանութում վարորդ է աշխատում, Լեոն ասֆալտի գործարանի բեռնատար մեքենան է վարում, Տիգրանը տաքսու վարորդ է։ Անաստասիան ուսումը շարունակում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջում։ Իրինայի աշխատանքի բնույթը՝ անսպասելի նաև իր համար, կտրուկ փոխվել է։ Աշխատում են ստեղծել գոյության այնպիսի պայմաններ, որ ոչիչից ու ոչ մեկից կախվածություն չունենան։ Վստահ են՝ արդյունքի հասնելու են։

«Միակ մտածմունքը հայրենիք հետվերադարձի հնարավորություն ունենալն է, մնացյալի մասին մտածելն անգամ անիմաստ է։ Այստեղ շատ հարազատ մարդկանց աջակցությամբ աշխատանքի եմ անցել «Բարև՜ , ես եկա» զարգացման կենտրոնում, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում։ Հաճույքով եմ կատարում իմ աշխատանքը, քանի որ շատ ու շատ եմ սիրում երեխաներին։ Այս աշխատանքի մեջ ինձ վերագտել եմ, գտել կյանքի թելադրած նոր պայմաններում իմ լիարժեք տեղն ու դերը։ Հրաշալի կոլեկտիվում եմ աշխատում, ինչը շատ կարևոր հանգամանք է անցնցում ինտեգրման համար»։

Անահիտ Պետրոսյան