Բացել լրահոսը Փակել լրահոսը
775e56df-94d1-41c8-9a97-910219b2f6f0
A A
Հասարակություն

Շարունակում ենք ապրել՝ մի օր հետվերադարձի ճանապարհը բռնելու հույսով․ արցախցի Լուսիկ Սարգսյանը Աբովյանում հագուստի խանութ է բացել

Արցախցի Լուսիկ Սարգսյանը գրադարանավարի երեսուներեք տարվա գործունեությունը մի կողմ է դրել։ Պետական համակարգում աշխատելու հնարավորություն դեռևս չունի՝ քաղաքացիություն չի ստացել։

«Բռնազավթված Ասկերանի կենտրոնական գրադարանի գլխավոր գրադարանավարն էի։ Մինչև արցախյան երկրորդ պատերազմ երջանիկ էինք ցանկացած առումով։ Աշխատանք ունեինք, զբաղվում էինք գյուղատնտեսությամբ, անում հնարավորը՝ մեր երեխաների ապագայի ամուր հիմնաքարը դնելու համար։ Այստեղ ամենադժվար խնդիրը շատերի համար աշխատանքի անցնելն է՝ մանավանդ պետական սեկտորում, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը պարտադիր պայման է։ Սեփականներում էլ տարիքային սահմանափակումն ու անգլերենի իմացությունն է իմ ու իմ տարիքի անձանց մտահոգությունը։ Չնայած պետական աշխատանքի անցնելու հնարավորություն ունեի սակայն արդեն ցանկություն չկար», - Ա1+-ի հետ զրույցում ասում է Լ. Սարգսյանը։

44-օրյա պատերազմին ամուսինն ու երկու որդիներն էլ էին մասնակցում։

«Այն ապրումները, որ ունեցանք արցախցիներս 2020-ի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով, դժվար է բառերով փոխանցել։ Արցախի մեծ մասի կորստից հետո մտքի ծայրով անգամ չէինք անցկացնում, որ մի օր կարող է ստիպված լինենք լքել մեր հայրենիքը»։

Շրջափակման ծանր օրերին տիկին Սարգսյանի ընտանիքը ձեռնարկեց պաղպաղակ արտադրելու գործունեություն՝ այդպիսով հայրենակիցների բավականին դժվարին ժամանակամիջոցում կարողանում էին ուրախություն պարգևել ասկերանցի փոքրիկներին։ 

«Տղաներս էին զբաղվում այդ գործով։ Շատ դժվար էր հումք ձեռք բերելը, սակայն երեխաներին մի փոքր խինդ նվիրելը նրանց համար վեր էր ամեն ինչից։ Տոն օրերին պաղպաղակն անվճար էինք բաժանում։ Հաճախ սոցիալական որոշ խմբերի պատկանող երեխաներին ևս անվճար էինք տալիս պաղպաղակը։ Ես էլ իմ հերթին հագուստի իմ խանութի ապրանքներից էի բաժին հանում իրենց տները հարկարաբար լքած և Ասկերանում հաստատված իմ հայրենակիցներին՝ այդկերպ մեր ընտանիքի աջակցությունն ու հոգատարությունը հայտնելով դժվարին կեցության մեջ հայտնվածներին»։

Այն, որ նման ճակատագիր բոլոր արցախցիներին է սպասվում, Լուսիկ Սարգսյանի համար պատկերացնելն էլ դժվար էր։

«44-օրյա պատերազմից հետո ավելի մեծ թափով էինք սկսել ընտանեկան բիզնեսը զարգացնել։ Զբաղվում էինք այգիների մշակմամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, մեղվաբուծությամբ, խոզաբուծությամբ…. Նաև մեր արտադրանքն էինք վերամշակում»։

Երկու որդիներն արդեն իրենց ընտանիքներն էին կազմել, երեխաներ ունեին։ Չորս թոռ ունի տիկին Սարգսյանը։

«Մի հարկի տակ էինք բնակվում, յուրաքանչյուրս մեր անելիքը գիտեինք։ Ես նաև մասնագիտացել էին նռան հյութ, նաշարաբ պատրաստելու գործում և այն լաբորատոր հետազոտություն անցած, պիտակավորված իմ բրենդն էր, որը սպառվում էր բացառապես Հայաստանում։ Նաև չորամիրգ էի պատրաստում, տարատեսակ թթուներ դնում, համագործակցում ռեստորանների հետ։ Տնային կենդանիներ էինք պահում, բավականին մեծ տնտեսություն ունեինք»։

Մահվան սպառնալիքի տակ ստիպված լինելով լքել հայրենիքը և հաստատվելով Հայաստանում՝ Լուսիկ Սարգսյանի ընտանիքն ապագան մայր հայրենիքում կառուցելու իր մարտավարությունն է մշակել։

«Արցախը լքելուց առաջ անգամ հնարավորություն չունեցանք տուն մտնելու, որ գոնե մեր երկհարկանի տնից մի հուշ ունենայինք։ Նախ Արամուսում ենք հաստատվել, ապա տեղափոխվել Աբովյան քաղաք։ Տղաներս աշխատում են, հարսս՝ դասավանդում դպրոցում։ Աղջիկս ուսանող է, ու կրթությունը բարձրագույնում համատեղում է դեղատան աշխատանքի հետ։ Հայաստանում մեր ընտանիքը համալրվել է ևս մեկ անդամով՝ թոռ եմ ունեցել։ Ապրում ենք ուրախությունն ու մտահոգությունները համատեղելով։ Կյանք է, ինչ ասես կարող է պատահել։ Մանավանդ այսքան խարխուլ խաղաղության պայմաններում։ Կարևորը մարդկային կյանքն է, մնացածը կարելի է կրկին ստեղծել»։

Հայաստանում աշխատել սկսել է արցախյան ավանդական ժենգյալով հաց թխելով։ Սակայն առողջական խնդիրների պատճառով երկար շարունակել չկարողացավ։

«Եթե համապատասխան տուն գտնեինք վարձակալելու համար՝ կրկին սիրով կսկսեի զբաղվել չրերի և թթուների արտադրությամբ։ Այն, ինչ մնացել է Արցախում, արդեն անցյալ է։ Ու ավելորդ եմ արդեն համարում նույնիսկ մտաբերել այդ ամենը։ Չէ, դա չի նշանակում, որ մենք մոռանում ենք մեր ծննդավայրը, սակայն դրա վրա կենտրոնանալը բացասաբար է անդրադառնում մեր` առանց այն էլ քայքայված առողջությանը։ Ամեն պարագայում հիմա շարունակում ենք ապրել մի օր հետվերադարձի ճանապարհը բռնելու հույսով։ Առայժմ արժանապատիվ կյանքով ապրելու համար անհրաժշտ միջոցներ ենք փորձում ձեռնարկել»։

Օրեր առաջ Աբովյան քաղաքում տիկին Սարգսյանի ընտանիքը հագուստի խանութ է բացել։

«Երկար փնտրտուքից հետո հարմար տարածք ենք վարձակալել ու խանութ բացել։ Բավականին ներդրում ենք կատարել։ Հեշտ չէ, դժվարություններ կան, որոնք մեկ-մեկ հուսալքության ալիք են առաջացնում, սակայն փորձում եմ դիմակայել, չկոտրվել։ Շրջապատված լինելով ապրումակցումով լի հայրենակիցներով՝ աշխատում ենք առաջ շարժվել»,- ասում է զրուցակիցս։

Լուսիկ Սարգսյանը օրերս հրավեր է ստացել մասնակցելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ բռնի տեղահանված արցախցիների համար նախատեսված բիզնես ծրագրին։ Հույս ունի այն իր օգտակարությունը կունենա Հայաստանյան առևտրի ոլորտում կատարելիք առաջին քայլերի վրա։

Անահիտ Պետրոսյան