5 կգ կանեփանման և 4 կգ բյուրեղանման զանգված մեքենայում. պարեկները վարորդին տեղափոխել են Արտաշատի բաժին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 21-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին, Բաղրամյան գյուղի հատվածում Արարատի մարզի պարեկները նկատել են կայանված մի մեքենա: Մոտեցել ու պարզել են, որ «Տոյոտա Քեմրիի» վարորդը Երևանի բնակիչ է, 33 տարեկան տղամարդ: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի հետևի նստատեղին նկատել են պոլիէթիլենային տոպրակներ` լցված կանեփանման զանգվածով:
Ժամը 2.10-ին վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ առավոտյան ժամը 5.30-ին «Տոյոտայում» զննություն է կատարվել: Հայտնաբերվել է պոլիէթիլենային վեց փաթեթ, որոնցից հինգը` լցված կանեփանման զանգվածով: Սրանց ընդհանուր քաշը կազմել է 5 կիլոգրամից ավելի: Վեցերորդ փաթեթում, որը կշռել է ավելի քան 4 կիլոգրամ, բյուրեղանման, մեթամֆետամինի նմանվող զանգված էր:
Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: