Բացօթյա հերթական խոշոր նախագիծը մայրաքաղաքում
Աջակցիր «Ա1+»-ինԲացօթյա հերթական խոշոր նախագիծը մայրաքաղաքում. կկայանա «Երևան կլասիկ ֆեստ» սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը
Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը զուհագեռ՝ ընթացքում է հեռակառավարման նոր համակարգի տեղադրման գործընթացը: Այն հնարավորություն կտա ավելի հեշտորեն լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագորեն արձագանքել: Նախկին համակարգն, ի դեպ, արտադրված էր 70-ական թվականներին:
***
Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծի փորձաքննությունների փուլը, որից հետո հաջորդ տարի կհայտարարվի կառուցման մրցույթը:
***
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ քննարկում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը: Գործակցությունը չի ներառի միայն վերլուծական աշխատանք. նախատեսվում է մշակել ներդրումային ամբողջական փաթեթ:
***
Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսով: Նախագիծը կյանքի կոչելու համար Ասիական զարգացման բանկի հետ նախապատրաստական աշխատանքներն ընթացքում են:
***
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Պետություն – համայնք - կառուցապատող գործակցությամբ վթարային շենքերի տեղում կկառուցվի նոր շենք:
***
Երևանի քաղաքապետարանի հատկացումների հաշվին կերտվում է Շառլ Ազնավուրի հուշարձանը: Բացումը նախատեսվում է 2025թ. մայիսի 22-ին՝ որպես մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ արարողություն:
***
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բացօթյա համերգային ծրագրեր, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ազատության հրապարակում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը:
***
Սեպտեմբերի 17-24-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կիրականացվի հերթական խոշոր նախագիծը: Կրկին բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում կկայանա «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել աշխարհի լավագույն և ճանաչված նվագախմբերը: Հայաստանյան երաժշտախմբերի հետ նույն հարթակում հանդես կգան Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը և երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:
***
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է կարևոր նշանակություն ունեցող ևս մեկ ծրագիր: Աշխարհահռչակ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հիման վրա 1985թ. գրված Խմբերգային կոնցերտը, որը համարվում է երգչախմբային արվեստի համաշխարհային գլուխգործոց, նախատեսվում է մշակել և փոխադրել՝ ստեղծելով բալետային նոր ներկայացում: