Օրացույց․ 17-ը օգոստոսի․ Պարտքերի պատճառով հոսանքազրկված էր Նորքի մանկական ինֆեկցիոն հիվանդանոցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1997-ի օգոստոսի 16-ին Հայաստանի ռադիոսիրողների խումբը Երեւանից շարժվում է Դիլիջան ։Մեկ շաբաթ նրանք այնտեղից կապվելու են աշխարհի տարբեր ռադիոսիրողների հետ։ Դիլիջանը պատահաբար չի ընտրվել իբրեւ հեռարձակման կենտրոն:
Գարեգին Առաջին կաթողիկոսը 1997-ի օգոստոսի 17-ին այցելում է Հայաստանի պատմության թանգարան` ցուցահանդեսի բացման ժապավենը կտրելու։ Ցուցադրվում են Հայ եկեղեցու գանձերը եւ եկեղեցիների մոդելներ։ Կաթողիկոսն ասում է, որ ապագայում հովանավորների եւ բարեգործական ներդրումների շնորհիվ վերականգնվելու են մեր բոլոր եկեղեցիները։
Նույն օրը լրագրողների հետ առաջին անգամ հանդիպում է ՄԱԿ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը ։Մովսես Աբելյանն ասում է, սեպտեմբերից Հայաստանը հրաժարվելու է ՄԱԿ-ի հումանիտար օգնություններից եւ անցնելու է զարգացման ծրագրերին։
1997-ի այս օրը լրագրողների հետ հերթական անգամ հանդիպում է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը ։ Լրագրողները Լեւոն Զուրաբյանից ուզում են ստանալ մեկ հարցի պատասխան՝ ե՞րբ է նախագահ Տեր-Պետրոսյանը հանդիպելու լրագրողների հետ։ Լեւոն Զուրաբյանը ժպտում է եւ հիշեցնում՝ հույսը վերջինն է մեռնում։
1998-ի օգոստոսի 17-ի ամռան շոգին հոսանքազրկված է Հայաստանի միակ մասնագիտացված Նորքի մանկական ինֆեկցիոն հիվանդանոցը։ Տնօրեն Արա Ասոյանն զգուշացնում է՝ պետության վրա ավելի թանկ կնստի, եթե 15 տեսակի վարակով մոտ 200 հիվանդի իրենք ուղարկեն տուն։ Հիվանդանոցը կուտակել է 8 միլիոն դրամ էլեկտրոէներգիայի ծախս, որը միայն պետպատվերով սնվող այս հիվանդանոցին պետությունը չի փոխանցել «Բազմիցս զգուշացվել է հիվանդանոցը գործող էլեկտրոէներգիայի կանոնների համաձայն: Լույս չկա, ջուրն էլ չկա, պոմպերը բոլորը կանգնած են, դուք պատկերացնու՞մ եք, զուգարաններում, լվացարաններում ջուր չլինի ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլոր անալիզները ստիպված պիտի դեն նետենք: Մենք Հայէներգոյից վերցրել ենք ընդհանուր առմամբ մեր համակարգի բոլոր հիվանդների պարտքերը, ներկայացրել ենք ֆինանսների նախարարություն, երեւի 2-3 օրերի ընթացքում պարտքերը կփակվի»։
1998-ի այս օրն սկսվում է Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոմավառության սրահի եւ զանգակատան շինարարության աշխատանքները։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը մոմավառության սրահի կառուցումը բացատրում է նրանով, որ եկեղեցում անհնար է մնալը. մոմի ծուխը շնչահեղձ է անում մարդու։ Ի դեպ, մոմավառության սրահի հիմքը փորելիս այնտեղ հայտնաբերվում են մարդու ոսկորներ։ Ենթադրվում է, որ մինչեւ եկեղեցու կառուցումն այդտեղ գերեզմանոց է եղել։
2000 թվականի օգոստոսի 17-ին Ռոբերտ Քոչարյանն այցելում է Ռուսաստանի դեսպանատուն ցավակցական գրառում թողնելու Բարենցի ծովում վթարված «Կուրսկ» ատոմային նավի 180 անդամների մահվան առիթով։ Նրան ուղեկցում էր Անվտանգության խորհրդի քարտուղար եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը դատարան չի դիմի Ղարաբաղի դատախազության տարածած այն լուրը հերքելու համար, ըստ որի Արցախի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը խոշոր գումարներ է փոխանցել այդ կուսակցությանը։Ըստ ցուցմունքներից մեկի, Բաբայանի թիմակիցը ՍԻՄ-ին Հայաստանի խորհրդարանում տեղեր ապահովելու համար տվել է 345 հազար դոլար գումար «Մենք որեւէ կարիք չունենք այդ հարցը մտցնելու այն իրավական դաշտը, որն այսօր ավելի կեղծ է, քան՝ քաղաքական դաշտը»։
2000 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ Մեծամորի ատոմակայանում աշխատում է ընդամենը մեկ հեռախոս՝ տնօրենի ընդունարանի հեռախոսը։ Կապն անջատվել է 12 միլիոն դրամ պարտքի պատճառով։ Արմենթելն ասում է, որ չի միացնի, մինչեւ չմարեն։ Հայէներգոն ատոմակայանին պարտք է 68 միլիարդ դրամ։ Նրանց միջեւ օրերս կնքվել է պայմանագիր, ըստ որի եթե հաշվարկային ամսվա համար Հայէներգոն չվճարի ատոմակայանին, կաշխատի տույժերի մեխանիզմը։
2001-ի այս օրերին Արթիկի շրջանի երկու գյուղերում արտակարգ իրավիճակ է ։Գյուղի ամենածեր բնակիչներն անգամ նման աղետ չեն հիշում։ Հորդառատ անձրեւն ու կարկուտը հունից դուրս է բերել սելավատարը եւ լցվել տները։ Ավերումներից տուժել է 35 ընտանիք։ Զոհերը անասուններն են, մրգատու այգիների հետքն էլ չի մնացել, ոչնչացվել է գյուղացիների ձմռան պաշարը: «Է՜՜՜՜՜՜՜, Աստված ընչի՞ էսման ջղայնացավ, ավիրեց սաղ տուն ու դուռը քանդեց: Ուժեղ, ահռելի ոռնոց դրսում, ահավոր անտանելի բան, դռները բացեցինք ու սելավը մտավ, մինչեւ երկրորդ հարկ»։
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրչի մի հարվածով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը դարձել է քաղաք։ Դա հայտնի է դարձել 2001-ի օգոստոսի 17-ին, երբ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկանում է, որ մեկ շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանն իրեն շնորհել է Հայաստանի քաղաքացիություն։Ինքը քաղաքացիության հարցով դիմել էր 10 տարի առաջ, իսկ այս տարվա ապրիլից հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից։ Ի դեպ, արեւալահայերեն գրված հրամանագրում արեւմտահայերեն է պարոն Հովհաննիսյանի ազգանունը։
2010-ի օգոստոսի 17-ին հրապարակվում է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ թիվ 5 արձանագրության նախագիծը, որի ստորագրությունը նախատեսված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում։ Նախագծի 3-րդ հոդվածը վերախմբագրվում է այսպես՝ Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։