A
A
ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է հայկական դասագիրքը
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը կարծում է, որ խոսքը ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական փորձի մասին է։
Ռուսաստանի Դաշնությունում հուսով են` Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ 8-րդ դասարանի պատմության դասագրքը մտնի դպրոց։ Ըստ ռուսական կողմի` այդ դասագրքում խեղաթյուրվում են 18–րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: Այս հայտարարությունը տարածել է ՌԴ արտգործնախարարությունը։
Ռուսաստանի ԱԳՆ-ում սադրիչ են որակել դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը` «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»` նշելով, որ այնտեղ վերանայման են ենթարկվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը որակվել է որպես Արևելյան Հայաստանի «բռնակցում»:
Նախարարությունում կարծում են, որ լուրջ աղբյուրներում, այդ թվում՝ հայկական, կարելի է բոլորովին այլ մոտեցումներ գտնել 1828 թ. խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որը մինչև վերջերս Հայաստանի պատմության դասագրքերում գնահատվում էր որպես «հայկական պետականության հետագա վերականգնման համար վիթխարի նշանակություն ունեցող փաստաթուղթ»։
ՌԴ ԱԳՆ–ում ընդգծել են, որ խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական ամոթալի փորձի մասին է «Արևմտյան քարոզչության և քաղաքական ինժինիրինգի լավագույն ավանդույթներով սպիտակը սև է կոչվում առանձին հայ գործիչների «թեթև ձեռքով», որոնք ջանում են հաճոյանալ իրենց հովանավորներին։ Նման ձևակերպումների ներմուծումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանման ոլորտում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է` կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն են հայտնել շարունակելու պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ», – ասված է հայտարարությունում։