Ջրի որակը և կեղտաջրերը
Աջակցիր «Ա1+»-ին«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են․
Բնակչության թվի աճմանը և բնական միջավայրի դեգրադացմանը զուգընթաց դժվարանում է բոլորի համար անվտանգ և բավարար ջրամատակարարման ապահովումը:
Խնդրի հիմնական լուծումը հնարավորինս քիչ աղտոտելն ու կեղտաջրերի կառավումը բարելավելն է:
Շրջանաձև ու կայուն տնտեսություն ունենալու համար հարկավոր է նվազեցնել էկոհամակարգերի աղտոտվածությունը և ավելացնել կեղտաջրերի մաքրումը, վերամշակումը և անվտանգ վերաօգտագործումը՝ որպես ջրի, էներգիայի և սննդանյութերի աղբյուր:
Արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը հաճախ համարվում են ջրի խոշոր աղտոտողներ: Ոռոգման ժամանակ քիմիական պարարտանյութերի, թունաքիմիկատների օգտագործման աճը աղտոտում են ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսները:
Շատ տարածքներում արդյունաբերական արտահոսքերը լցվում են անմիջապես ջրային ռեսուրսներ:
Քաղաքներում չմաքրված կեղտաջրերը լուրջ խնդիր են հանդիսանում: Ավելի աղքատ քաղաքային շրջաններում կեղտաջրերի մեծ մասը առանց մաքրման թափվում է անմիջապես ամենամոտ դրենաժային համակարգ կամ ջրային ռեսուրս: Կենցաղային կեղտաջրերը, կոմունալ թափոնները, թունավոր քիմիկատները և բժշկական թափոնները աղտոտում են շրջակա միջավայրը՝ խիտ բնակեցված բնակելի գոտիներում:
Անվտանգ կառավարվող կեղտաջրերը էներգիայի, ջրի, սննդանյութերի և այլ վերականգնվող նյութերի մատչելի և կայուն աղբյուր են: Կեղտաջրերը կարող են օգնել բավարարել աճող պահանջարկը: Կան բազմաթիվ մաքրման գործընթացներ և գործառնական համակարգեր, որոնք օգտագործում են կեղտաջրերը քաղաքային գործունեության, կայուն գյուղատնտեսության, էներգիայի արտադրության և արդյունաբերական զարգացման համար:
Առավելությունները զգալիորեն գերազանցում են կեղտաջրերի ավելի լավ կառավարման ծախսերը: Վերամշակման և կեղտաջրերի անվտանգ վերաօգտագործման միջոցով ջրի որակի և մատակարարումների վրա դրական ազդեցությունը կնպաստի հանրային առողջության, շրջակա միջավայրի կայունության և տնտեսական զարգացման առաջընթացին՝ ապահովելով նոր բիզնես հնարավորություններ և ստեղծելով ավելի «կանաչ» աշխատատեղեր:
Կեղտաջրերը կարող են կենսական նշանակություն ունենալ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար ևս: Կեղտաջրերը մշակաբույսերի համար և՛ ջրի, և՛ սննդանյութերի պարունակության արժեքավոր աղբյուր են՝ նպաստելով ջրի և սննդի անվտանգությանը ու կենսապահովման բարելավմանը: Կեղտաջրերի բարելավված կառավարումը կարող է բարելավել գյուղատնտեսությամբ զբաղվողների առողջությունը՝ նվազեցնելով հարուցիչների ազդեցության ռիսկը:
Կեղտաջրերը կարող են օգտագործվել «արդյունաբերական սիմբիոզում»: Արդյունաբերությունը հանդիսանում է ջրի հիմնական սպառողն ու աղտոտողը:
Այժմ շատ ձեռնարկություններ իրենց «մշակված ջրի» մի մասը օգտագործում են հովացման կամ ջեռուցման համակարգերի համար, իսկ անձրևաջրերը՝ կենցաղային կարիքների, ոռոգման կամ մեքենաներ լվանալու համար: