Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի հայտարարությանը

Տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի այն հայտարարությանը, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։

«Նշելով, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը՝ պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»,- ընդգծել է Անի Բադալյանը: