Գետերի վարարման արդյունքում վնասված գազաբաշխման ցանցը Թումանյանի տարածաշրջանում ամբողջությամբ վերականգնված է
Աջակցիր «Ա1+»-ին«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից ամբողջությամբ վերականգնվել են գազաբաշխման ցանցի գազատարները, որոնք վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման արդյունքում ստեղծված աղետի հետևանքով։
Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամասի (ՏՏ) սպասարկման գոտում վնասվել էին միջին և ցածր ճնշման գազատարներ Ալավերդի, Ախթալա քաղաքներում, Հաղպատ, Քարկոպ և Նեղոց բնակավայրերում։
Թումանյանի ՏՏ պետի տեղակալ Արթուր Իսրայելյանի տվյալներով, վթարավերականգնողական աշխատանքները մեկնարկել էին մայիսի 27-ին, ընդհանուր առմամբ վերականգնվել է շուրջ 5000 գծամետր գազատար։
Աշխատանքներին ներգրավված էր ավելի քան 85 մարդ Լոռու ԳԳՄ բոլոր տարածքային տեղամասերից, սեղմ ժամկետներում տեղափոխվեց 15 միավոր անհրաժեշտ շինարարական տեխնիկա։
Աղետից անմիջապես հետո վարարումներից տուժած տարածքներ այցելեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատի աշխատանքային խումբը, տեղում ուսումնասիրվեց գազաբաշխման ցանցին հասցված վնասը, որից հետո Թումանյանի տարածքային տեղամասին օպերատիվ կերպով տրամադրվեցին վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նյութերը՝ խողովակներ, փականներ, ներկանյութ և այլն։
«Թումանյանի տարածաշրջանում վթարավերականգնողական աշխատանքներն տևել են շուրջ 20 օր։ Աշխատանքներին մասնակցել է մեր տարածքային ծառայության ողջ անձնակազմը։ Մինչ վթարային բրիգադները վերականգնում էին վնասված գազատարները, մեր մյուս գործընկերները աջակցում էին նյութերի բեռնաթափմանը, տեղափոխմանը, այլ աշխատանքներին։ Աշխատել ենք գրեթե շուրջօրյա, որպեսզի կարողանանք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել գազամատակարարումը, քանի որ մեր տարածաշրջանում գազազրկված էր շուրջ 3 000 բնակիչ-բաժանորդ», - նշում է Ա․ Իսրայելյանը։
Թումանյանի ՏՏ պետի տեղակալի խոսքով, գազաբաշխման ցանցը տարածաշրջանի աղետից տուժած բնակավայրերում ամբողջությամբ վերականգնված է, բաժանորդների գազամատակարարումն իրականացվում է անխափան և բնականոն ռեժիմով։
Որոշ հատվածներում կառուցվել են ժամանակավոր գազատարներ, որոնք կվերատեղադրվեն վարարումներից վնասված ճանապարհային ենթակառուցվածքի վերականգնումից հետո։