Ամենահամարձակ մտահղացումները հաճախ անելանելի վիճակից են ծնվում․ արցախցի երիտասարդ գործարար
Աջակցիր «Ա1+»-ինԼենա Մաթևոսյանը Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասանուհի է։ Սիրած մասնագիտությանը զուգահեռ նաև հոբբի ուներ՝ հետաքրքրված էր բնական քաղցրավենիքի և բուսական թեյերի պատրաստմամբ։
«Զբաղվում եմ յոգայով և վաղուց հետաքրքրված եմ բուսակերությամբ։ Երևի թե հենց այդ կետից է ծագել բուսական քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվելու գաղափարը։ Բուսակերությանն անցնելուն զուգահեռ նախապատվությունը սկսեցի տալ բնական ու բուսական քաղցրավենիքին ու թեյերին, որոնք ոչ միայն չեն վնասի առողջությանը, այլև օգտակար կլինեն»,-Ա1+ի հետ զրույցում ասում է Լ. Մաթևոսյանը։
Դեռևս Ստեփանակերտում նախատեսում էր զբաղվել չիպսերի, պաստեղների ու բուսական կոնֆետների արտադրությամբ։ Սակայն չի ստացվել։
Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Լենան կյանքի թելադրած նոր պայմաններում փորձում է առաջ նայել։
«Բռնի տեղահանությունից հետո հասկացա, որ սպասել պետք չի։ Երևանում հաստատվելուց հետո սիրածս զբաղմունքը վերածեցի բիզնես գաղափարի։ Այդպես սկսեցի զբաղվել առանց քիմիական և կենդանական հավելումների կոնֆետների արտադրությամբ, որոնք հարուստ են վիտամիններով, սննդարար են ու հագեցնող և բուսական թեյերի արտադրությամբ՝ չորացված բնական ճանապարհով։ Նոր բիզնես-գաղափարն ու մշտապես զբաղված լինելը հնարավորություն տվեց երիտասարդ մայրիկին ծանր ապրումներից կտրվելու գործում, նաև նորաստեղծ ընտանիքի համար կյանքի նոր պայմաններում ապրելու, առաջ շարժվելու նպատակ դարձավ։ Ու քանի որ ֆիզարձակուրդում եմ գտնվում, և բնակվում ենք վարձակալությամբ՝ անում եմ հնարավորը, որպեսզի կարողանամ ամուսնուս մի բանով օգնած լինել։ Ամուսինս 44-օրյա պատերազմի ժամանակ 2-րդ կարգի հաշմադամություն է ձեռք բերել՝զրկվել է մի ոտքից, իսկ կրկնակի վիրավորուման հետևանքով աչքերից մեկի տեսողությունն է կորցրել»։
Լենան 2023 թվականի դեկտեմբերի 1-ից սկսել է սոցիալական ցանցերով իրացնել «Արևէ» ապրանքանիշի իր արտադրանքը։
«Բրենդի անվանումով հենց ցանկանում ենք հուշել մեր սպառողներին, որ արտադրության ողջ ընթացքը բնական ճանապարհով է ընթանում։ «Վըսկե ծերքեր» տոնավաճառին մասնակցելուց հետո սկսվեց մեծ հետաքրքրվածությունն իմ արտադրանքով։ Սոցիալական տարբեր ցանցերով սկսեցին մարդիկ գրել, հետաքրքրվել, պատվերներ կատարել։ Հիմա արդեն ունեմ մշտական հաճախորդներ, անում եմ հնարավորը՝ նրանց սպասումներն արդարացնելու համար», - ուրախությամբ նշում է զրուցակիցս։
Չնայած դժվարություններին՝ կապված աշխատանքը մանկահասակ զավակի խնամքի հետ համատեղելու հետ, տարբեր դասընթացների, տոնավաճառների է մասնակցում։ Դրանք բավականին օգնում են ինչպես պահանջված արտադրանք ստանալու, այնպես էլ գրագետ վաճառք կատարելու, արտադրանքն իրացնելու գործում։
«Մեծ սիրով նաև իմ մասնագիտությամբ կաշխատեի, սակայն այս պահին երեխայի խնամքն եմ կարևորում, քանի որ դեռ մեկ տարեկան է փոքրիկս։ Մտահղացումներս փորձում եմ մաս-մաս իրագործել։ Նոր շրջապատ, նոր ընկերներ ու նոր ծանոթություններ ունենալը, բարեգործական տարբեր ընկերությունների կազմակերպած դասընթացներին մասնակցելն ու նրանց ընտանիքի մի մաս կազմելը կարևոր ձեռքբերումներ են ինձ համար, որ ունեցա Հայաստանում»,- ասում է նա։
Երիտասարդ ձեռներեցն արտադրանքը բարձրակարգ մատուցման ուղղությամբ անում է ամեն բան։ Հայաստանի տարբեր մարզերում ապաստանած հարազատներն էլ օգնում են Լենային թեյերի հումքի ձեռքբերման հարցում։ Ամուսինը զբաղվում է անհրաժեշտ հումքի գնմամբ ու առաքման գործերով։ Անչափ կարևորում է այս գործում հաջողելն ու մրցունակ լինելը։ Երիտասարդ ընտանիքի եկամտի միակ աղբյուրն է, իսկ ամուսնու առողջական վիճակը բարելավելու համար մի քանի վիրահատություն պիտի արվի։
«Ֆինանսական վիճակի հետ կապված ամուսինս հետաձգում է վիրահատությունը, ինչն այս պահին ինձ ամենաշատն է մտահոգում։ Ուստի ամեն ինչ անում եմ իմ աշխատանքում հաջողելու համար, ինչը թույլ կտար նաև վճարունակ լինելու, սեփական խնդիրներն ինքնուրույն լուծելու հարցում։ Իսկ առհասարակ, իմ նպատակն է աշխատել, ապրել և արարել Հայաստանում, ամուսնուս թև ու թիկունք լինել»։
Ամենահամարձակ մտահղացումները հաճախ անելանելի վիճակից են ծնվում՝ համոզված է երիտասարդ գործարարը, ով հույսով ու հավատով է լցված ապագայի նկատմամբ։
Անահիտ Պետրոսյան