Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՈՒՆԻՍԻ 12
A A
Պաշտոնական

Հունիսի 12-ին կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել․ նախաքննությունն ավարտվել է

Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, զանգվածային անկարգություն կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման վայրում, մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, հեղուկով լցված տարաներ, շշեր և այլ առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը վնասել է այգում տեղադրված մետաղյա արգելապատնեշը՝ փորձելով մուտք գործել ՀՀ Ազգային Ժողովի տարածք, ինչպես նաև պահել է հիշյալ արգելապատնեշը, որպեսզի այլ անձինք մուտք գործեն ՀՀ Ազգային ժողովից ներս ընկած այգու տարածք:

Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել շրջակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 15 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: 4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 8–ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2–ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, իսկ 2–ի նկատմամբ վարչական հսկողությունը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե