Բացել լրահոսը Փակել լրահոսը
0adc1696-8e79-47a9-84dd-b6afd7bce7c2
A A
Հասարակություն

Արցախցիների արտադրանքը կարող է ձեռք բերել յուրաքանչյուրը․ Shop in Armenia

«Global USA» ընկերությունն ու  Երկիր մեդիա հեռուստաընկերությունը կյանքի են կոչել  շատ հետաքրքիր և կարևոր նախագած՝ «Shop in Armenia» հարթակը,  որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր։

 Սա մի հարթակ էր, որտեղ այցելուները  ծանոթացան արցախյան արտադրանքին և հնարավորություն ունեցան դրանք  ձեռք բերել բավականին մատչելի գներով։

Բազմաթիվ արցախցիներ ամեն ինչ կրկին զրոյից են սկսել և այսօր Հայաստանում փորձելով իրացնել իրենց ձեռքի արտադրանքները՝ հանդես են գալիս յուրահատուկ ուղերձով՝ մի օգնիր ինձ, աշխատիր ինձ հետ։

Հարթակը հնարավորություն կտա աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցներին ձեռք բերել արցախցի արտադրողի արտադրանքը։

«Ամիսներ առաջ, երբ դեռ բոլորովին նոր էինք հաղթահարում շոկային իրավիճակը, ստացանք մի առաջարկ, որի նպատակն արցախցուն ոչ թե կոտրված, կարեկցանքի եւ օգնության սպասող, այլ ամուր, գործունյա և պրպտող տեսնելն էր։ Ամիսների երկարատև ու պատասխանատու աշխատանքից հետո վերջապես արդյունքները տեսանելի են։

«ShopinArmenia»-ն նախ գաղափար է, որ միավորում է շուրջ 100 արցախցի արտադրողի, հարթակ, որտեղ ԱՄՆ- մեր հայրենակիցները կարող են դառնալ արցախցի արտադրողի մշտական պատվիրատուն։ Հազար ու մի փորձություն անցած մարդկանց միավորում է աշխատասիրությունն ու սեփական բրենդը կատարելագործելու, սեփական արտադրանքը սահմաններից այն կողմ հասցնելու գայթակղությունը եւ սեփական եկամուտով արժանապատիվ ապրելու մեծ ցանկությունը»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է ծրագրի համակարգող Մարիամ Սարգսյանը։

««ShopinArmenia»  հաթակի մասնակից-արտադրող եմ և իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նախագծի ղեկավարներին, բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել ու իրենց ներդրումն ունեն այս չափազանց կարևոր հարթակի ստեղծման գործում։ Հարթակը կարևոր է այն առումով, որ արցախցիներս փոքր բիզնեսի խթանման համար Հայաստանում տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվում են կրթական և փոքր դրամաշնորհային ծրագրեր, որոնք ծանոթացնում են բիզնեսի նրբություններին, օգնում աշխատել, ստեղծագործել ու արարել։ Սակայն սպառման տեսակետից կան իրական խնդիրներ, որովհետև մինչև ՀՀ-ում գտնենք գործընկերներ, հայտնի դառնանք շուկայում, որոշակի ժամանակ է պետք։ Նոր ստեղծված հարթակը հնարավորություն կտա աշխարհի տարբեր ծայրերում ապրող սպառողներին ծանոթանալ արցախցի արտադրողին, կատարել գնումներ, ինչու չէ նաև կապեր հաստատել հետագա համագործակցության համար»,- ասում է ծրագրի մասնակիցներից Ծովինար Գրիգորյանը։

«Նախագծի շրջանակներում մի քանի ամիս է, ինչ աշխատում եմ։ Իրականում այս ամենի ետևում ահռելի աշխատանք է թաքնված։ Փորձել ենք մեր արտադրանքը ներկայացնել բարձր մակարդակով։ Անհամբերությամբ էինք սպասում նախագծի մեկնարկին, դա մեզ համար մեծ հնարավորություն է, որովհետև մենք նոր ենք շուկա մտնում և փորձում, որպեսզի մեր բիզնեսը նոր հարթակներ նվաճի։ Այս հարթակն անհրաժշտություն է բոլորիս համար հայաստանյան շուկայում դիրքավորվելու, մեր տեղը զբաղեցնելու և մրցունակ լինելու համար։ Միջավայրը տրամադրող էր, շնորհանդեսը բարձր մակարդակով կազմակերպված, հաշվի են առնվել բոլոր նրբությունները, որպեսզի մենք լիովին կարողանանք իրագործել մեր կարողությունները։ Երախտապարտ ենք բոլոր կազմակերպիչներին կատարած ահռելի աշխատանքի համար, որոնց մի մասին է, թերևս, երևում։ Շատ տպավորված ենք և մեծ հույսեր ենք կապում այս հարթակի հետ»,- ասում է ռադիոլրագրող, ծրագրի մասնակից Սրբուհի Վանյանը։

Միջոցառումն ընթանում էր արցախյան ավանդական ժենգյալով հացի, հրուշակեղենի, թեյի, սուրճի հյուրասիրությամբ,  իսկ երեխաների համար կազմակերպվեց վարպետաց դասեր (տիկնիկագործություն, գիպսե արձանիկների պատրաստում, հուլունքագործություն)։

Անահիտ Պետրոսյան